Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահի պաշտոնին վերադառնալուց կարճ ժամանակ անց մեկնել է գործուղման։ Այս անգամ նա հնգօրյա այցով Բալիում է՝ Ինդոնեզիայի Հանրապետությունում, որտեղ մասնակցում է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին։ Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորներ են՝ Հասմիկ Հակոբյանն ու Ծովինար Վարդանյանը, եւ ԱԺ աշխատակազմի 9 աշխատակից։
Նկատենք, որ իր պաշտոնավարման այս վեց ամսվա ընթացքում Ալեն Սիմոնյանը մշտապես աչքի է ընկել գործուղումների նկատմամբ առանձնահատուկ «թուլությամբ»։ Տարեվերջին լրատվամիջոցներում հրապարակումներ եղան, որ Սիմոնյանը օգոստոսի 2-ից՝ ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, չորս ամսում յոթ գործուղման էր մեկնել՝ Հայաստանի պետական բյուջեից ծախսելով շուրջ 57 մլն դրամ՝ մոտ 120 հազար ԱՄՆ դոլար: Նա գործուղման էր մեկնել Վիեննա, Մոսկվա, Աթենք, Նիկոսիա, Փարիզ, Սանկտ Պետերբուրգ եւ Մադրիդ: Ընդ որում՝ ԱԺ նախագահի որոշ գործուղումներ չէին լուսաբանվել, դրանց վերաբերյալ որեւէ պաշտոնական հաղորդագրություն չէր տարածվել։ Մի հանգամանք, որն ավելի է ամրապնդում կասկածները, թե գործուղման անվան տակ պաշտոնյաներն իրականում մեկնում են բյուջեի հաշվին ճամփորդությունների:
Այս տարվա սկզբին էլ Ալեն Սիմոնյանը ՔՊ-ականների հետ հինգ օրով մեկնել էր ԱՄՆ․ բնականաբար, պետական բյուջեի հաշվին։ ԱՄՆ գործուղումը հարկատուների համար արժեցել էր 13 մլն դրամ (մոտ 27 հազար դոլար), որից միայն 3,7 մլն դրամը ծախսվել է Սիմոնյանի բիզնես դասի ավիատոմսի համար։
Թե այս անգամ Բալի գործուղման համար պետբյուջեից որքան գումար է ծախսվել, պարզ կդառնա առաջիկայում: Միայն նշենք, որ դեպի Բալի էկոնոմ դասի ավիատոմսի գինը մոտավորապես 500 հազար դրամ է, իսկ բիզնես դասի ավիատոմսի գինը նվազագույնը 1,3-1,5 մլն դրամի սահմաններում է։ Ամեն դեպքում, անգամ հպանցիկ հաշվարկներով, այս այցն էլ իր հերթին մի քանի տասնյակ միլիոն դրամ է արժեցել։
Մինչ այդ պետք է փաստենք, որ Ալեն Սիմոնյանը ՀՀ պետբյուջեի հաշվին իր շքեղ ծախսերով գնալով լուրջ բեռ է դառնում հարկատուների համար: Հիշում եք նրա համար ձեռք բերված 200 հազար դոլարանոց BMW մակնիշի գերթանկարժեք ավտոմեքենան, դրան գումարած նրա ճամփորդությունները, հիմա էլ՝ էկզոտիկ երկրներ: Եվ այս ամենն արվում է այնպիսի «ջերմեռանդությամբ», որ նախկին իշխանությունները պարզապես կնախանձեին:
Ի դեպ, նկատենք, որ ՀՀԿ իշխանության տարիներին էլ Միջխորհրդարանական միությունը ԱԺ նախագահների ամենասիրելի կառույցներից էր։ Միության վեհաժողովները սովորաբար անցկացվում են ամենատարբեր երկրներում, եւ, որպես արդյունք, գործուղումներն ավելի շատ վերածվում էին ճանապարհորդությունների: Այն ժամանակ Միջխորհրդարանական միության պատվիրակությունում ընդգրկվելու համար մշտապես կատաղի պայքար էր ընթանում։ Փաստորեն գործող իշխանությունն այս հարցում էլ «կուրորեն» հետեւում է ՀՀԿ-ականների հին ու բարի «ավանդույթներին»՝ բաց չթողնելով աշխարհի շուրջ «պտտվելու» որեւէ հնարավորություն:
Լրագրող եմ, բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրության դասախոս: Գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին: Հետաքրքրություններիս շրջանակում՝ քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն: Ափսոսում եմ, որ միաժամանակ նկարչական պրոֆեսիոնալ կրթություն չեմ ստացել: