Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ուկրաինայի իրադարձությունները հակամարդկային սրբապղծություն է անվանել, ուղղված մարդկային կյանքի դեմ, որը պետք է հարգել եւ պաշտպանել, ոչ թե ոչնչացնել։ Ֆրանցիսկոսը առաջնորդներին խնդրել է դադարեցնել այդ զազրելի պատերազմը:
«Անիմաստ կոտորած, որտեղ ամեն օր կրկնվում են տառապանքներն ու վայրագությունները։ Արդարացում չկա։ Միջազգային հանրությանը հորդորում եմ, որ ջանքեր գործադրեն այդ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ»,- ասել է քահանայապետը ավանդական կիրակնօրյա քարոզից հետո:
Ըստ Ֆրանցիսկոսի՝ Ուկրաինայում ռումբերն ու հրթիռները հարվածում են քաղաքացիական բնակչությանն ու անմեղ երեխաներին, որոնց նա նախօրեին տեսել է Հռոմի մանկական հիվանդանոցում, երբ նրանք վնասվածքներով ժամանել են Ապենիններ:
Քահանայապետը ավելի վաղ թվիթերյան գրառման մեջ երեք լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, աջակցություն էր հայտնել Ուկրաինայի ժողովրդին:
Անցյալ կիրակի եւս, դիմելով հավատացյալներին, քահանայապետը հորդորել էր դադարեցնել անթույլատրելի զինված ագրեսիան Ուկրաինայում, քանի դեռ քաղաքները գերեզմանոցների չեն վերածվել։