Մարտի 21-ին Գեզի այգու բողոքի ակցիաների կազմակերպման համար մեղադրվող իրավապաշտպան Օսման Կավալայի դատական գործի հերթական նիստն է տեղի ունեցել, հայտնում է Sabah օրաթերթը։ Կալանավորված Օսման Կավալան դատական նիստին Սիլիվրիի բանտից միացել է տեսազանգով։
Ինչպես մարտի 4-ին, այնպես էլ այս անգամ կայացած դատական նիստի ժամանակ դատախազը պահանջել է իրավապաշտպան Օսման Կավալային դատապարտել ծանր պայմաններով ցմահ ազատազրկման։ Նա մեղադրվում է «Ուժ եւ բռնություն կիրառելով՝ Թուրքիայի հանրապետության կառավարությանը ոչնչացնելու փորձի» համար։ Իսկ նույն գործով ներգրավված մյուս մեղադրյալներին, այդ թվում՝ Չիդեմ Մաթերին, Մինե Օզերդենին, Թայֆուն Քահրամանին, Ալի Հաքան Ալթընային, դատախազը պահանջել է դատապարտել 15-20 տարվա ազատազրկման։
Նիստի ավարտին դատարանի միջանկյալ որոշմամբ Օսման Կավալայի կալանավորումը երկարաձգվել է առանց հստակ ժամկետի։ Հաջորդ դատական նիստը կայանալու է ապրիլի 22-ին։
Դատախազի ներկայացրած մոտ 72 էջանոց եզրակացության համաձայն՝ մեղադրյալները «փորձել են «Արաբական գարունը» տարածել նաեւ Թուրքիայում, վերացնել երկրի ընտրված կառավարությունը կամ այն հասցնել անգործունակ վիճակի», փոխանցում է պարբերականը։
Դատախազն իր եզրակացության մեջ հատուկ անդրադարձ է կատարել կասկածյալների միջեւ գոյություն ունեցող կապին ու ֆինանսական հոսքերին՝ մասնավորապես նշելով Օսման Կավալայի ու Ջորջ Սորոսի կապը․ «Մեր երկրում Սորոսի ներկայացուցիչ Օսման Կավալան, «Բաց հասարակությունների հիմնադրամ» ու «Անադոլու քյուլթուր» կազմակերպություններն օգտագործելով որպես գործիք, տարիներ շարունակ քուրդ եւ հայ քաղաքացիներին պետության դեմ անջատողական գործողությունների դրդող լոբինգով ու սոցիալական ճարտարագիտությամբ է զբաղվել։ Վերոնշյալ կազմակերպությունները երկրում գործող մի շարք անջատողական կազմակերպությունների ֆինանսական միջոցներ են տրամադրում՝ այդ ամենը ներկայացնելով որպես մշակութային միջոցառումների ֆինանսավորում»։
Պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը