Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է իրադրությունը Լեռնային Ղարաբաղում:
«Նախարարները քննարկել են տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Լավրովն ու Բայրամովը մտքեր են փոխանակել նաեւ Ուկրաինայի իրավիճակի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից էլ հայտնել են, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման հարցերին:
«Քննարկվել է «3+3» (Ադրբեջան–Հայաստան–Վրաստան+Ռուսաստան–Իրան–Թուրքիա) տարածաշրջանային խորհրդատվական պլատֆորմի հետագա աշխատանքի վերաբերյալ ժամանակագրությունը»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Լավրովն ու Բայրամովը քննարկել են երկկողմ փոխգործակցության լայն շրջանակ, այդ թվում՝ փետրվարի 22-ին երկու երկրների նախագահների ստորագրած դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացման հարցեր։