ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում հայտարարել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները Անթալիայում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն առանց նախապայմանների առաջ տանելու պատրաստակամություն են հայտնել։
«Չավուշօղլուի հետ մեր հանդիպմանը երկուստեք կարեւորվել է կարգավորման գործընթացի հետագա ընթացքը։ Երկու կողմերն էլ հանդիպման ընթացքում վերահաստատել են, որ պատրաստակամություն ունեն այս գործընթացն առանց նախապայմանների տանելու առաջ եւ ի վերջո պսակելու այն հարաբերությունների հաստատմամբ ու երկու երկրների միջեւ սահմանների բացմամբ»,– ընդգծել է Միրզոյանը։
Բանակցային գործընթացի ներկա վիճակը ներկայացնելիս Միրզոյանը հայտնել է նաեւ, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհյուն Բայրամովը Ստոկհոլմում հրաժարվել էր իր հետ նախանշված հանդիպումից։