ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բացասաբար կարձագանքի, եթե ՆԱՏՕ-ի երկրներից մեկը փորձի միջամտել Ուկրաինայի իրավիճակին։
Ըստ Պեսկովի՝ հենց դրա մասին է ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր երկրի քաղաքացիներին ու ամբողջ աշխարհին հղած ուղերձում։
«Պետության ղեկավարը չափազանց մատչելի եւ հասկանալի ասել է՝ ինչ է սպասում այն երկրին, որը կորոշի միջամտել հատուկ ռազմական գործողության ընթացքին»,- ասել է խոսնակը՝ պատասխանելով Ուկրաինայի տարածքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը շրջանցելով խաղաղապահ գործողություն իրականացնելու մասին հարցին։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ հակամարտությունը կանխելու նպատակով ՆԱՏՕ-ն մեծացրել է իր ներկայությունը դաշինքի արեւելյան թեւում, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան էլ կրկնապատկել են իրենց ուժերը Բալթյան երկրներում: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը այժմ 100 հազար զինվորական ունի Եվրոպայում։
«Մենք պարտավոր ենք աջակցել Ուկրաինային։ Նաեւ երկար ժամանակ մարզել ենք ուկրաինացի զինվորականներին»,- նշել է Ստոլտենբերգը։
Միեւնույն ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքը չի ցանկանում, որ Ուկրաինայում հակամարտությունը դուրս գա այդ երկրի սահմաններից։