Հայաստանի ԱԳՆ-ն «խիստ բողոքի հայտագիր է ներկայացրել» ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին՝ դժգոհելով, որ ադրբեջանական իշխանությունները Շուշիում հանդիսավոր միջոցառում են կազմակերպել՝ նվիրված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է մերոնց․ «Ադրբեջանի հանդեպ Հայաստանի դեռեւս շարունակվող տարածքային նկրտումները ցույց են տալիս, որ այդ երկիրը դասեր չի քաղել 44-օրյա պատերազմից»։
Ակնհայտ է, չէ՞, որ Ադրբեջանը Հայաստանին սպառնում է պատերազմով։ Որից հետո մենք այստեղ կարող ենք մեր ԱԳՆ-ին ասել՝ ձեզ պե՞տք էր էդ բողոքի նոտան։ Ադրբեջանն ասում է՝ ՄԱԿ-ը 4 բանաձեւով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ Հայաստանի ոտնձգությունները 90-ականների պատերազմի ժամանակ, իսկ հիմա մենք այդ տարածքներն ազատագրել ենք, եւ ՄԱԿ-ը դա ի գիտություն է ընդունել եւ «Ադրբեջանի ազատագրված հողի վրա» մասնակցել է միջոցառման։
Ինչո՞ւ է Հայաստանը բողոքում Շուշիում ադրբեջանական միջոցառման դեմ։ Եթե կարելի է, հարցն այսպես ձեւակերպենք՝ ի՞նչ «պլոճիկով» է Հայաստանը բողոքում իրենից մի քանի անգամ ուժեղ Ադրբեջանի դեմ։ Պատասխանը հստակ է՝ Ղարաբաղը դեռ կարգավիճակ չունի, եւ անկարգավիճակ Ղարաբաղում Ադրբեջանն ինչ ուզում անում է ու դրանով խանգարում է հարցի վերջնական կարգավորմանը։
Տեսականորեն Հայաստանը ճիշտ է. Ղարաբաղի կարգավիճակի թեման բաց է, ինչը պնդում են նաեւ Մինսկի խմբի երկու երկրներ՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան։ Բայց փոքրիկ խնդիր կա. եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ոչ ոք Հայաստանի փոխարեն չի կռվելու։ Հայաստանի «պլոճիկը» Հայաստանից դուրս է, Ադրբեջանինը՝ ոչ։
Հայաստանը պիտի բողոքի, որովհետեւ Շուշին Ղարաբաղ է, իսկ կոնֆլիկտը լուծված չէ։ Բայց Հայաստանը պետք է վստահ լինի, որ ամեն ինչ բողոքով էլ կեզրափակվի, որ Ադրբեջանի ցույց տված ատամներն ավելի շուտ «բարոյական ատամներ» են, որոնք իսկական կծոցների չեն հասնի։
Կարճ ասած՝ Հայաստանը ճիշտ է, երբ բողոքում է, բայց Հայաստանը ճիշտ էր նաեւ պատերազմից առաջ՝ Արցախը Հայաստան է, Ղարաբաղի հարցը մենք արդեն լուծել ենք եւ այլն։ Սրանք պաթոսախեղդ լոզունգներ էին, որոնց գրեթե ամբողջ ժողովուրդն էր ծափահարում, բայց «պլոճիկահեն» չէին։
Հայաստանը պետք է ունենա երկաթյա երաշխիքներ, որ պատերազմ չի լինի։ Որովհետեւ ասելով չէ, թե Ադրբեջանն իրավունք չունի Շուշիում ՄԱԿ-ին անդամագրվելու 30-ամյակ նշել։ Ադրբեջանն ուժեղ է եւ դա ապացուցել է: Եթե ուզի, Շուշիում կարող է նշել մուղամի ստեղծման 90-հազարամյակը։
Կարիք կա՞, որ Ադրբեջանը մեզ հիշեցնի, որ 44-օրյա պատերազմից դասեր չենք քաղել։ Մենք պատրա՞ստ ենք եւս մեկ պատերազմի։ Եթե այո, պետք է բողոքել անխնա, իսկ պատերազմի ժամանակ առաջնագծում Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը թող լինեն։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: