ԼՈՒՍԻԱ
Լուսիա Էֆրիմը Հյուսիսային երկաթուղային կայարանում է՝ երրորդ սենյակում։ Խնամում է մայրերին, երեխաներին եւ ընտանի կենդանիներ ունեցող ընտանիքներին: Նա մի քիչ ժամանակ հատկացրեց պատմելու պատերազմը սկսելուն պես այստեղ իր ամենօրյա աշխատանքի մասին: Լուսիան մեզ ասաց, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում Հյուսիսային կայարանը դարձել է մի վայր, որտեղից ուկրաինացիներն, առանց նախապես ծրագրելու, գնում են ավելի ապահով տեղեր: Ամեն օր ավելի քան 1000 փախստական սպասում է գնացքին, որը նրանց տանում է դեպի արեւմուտք՝ պատերազմից հեռու։ 30 կամավորներ երկաթուղային կայարանում ուղղորդում են ուկրաինացի փախստականներին, նաեւ տաք սնունդ կամ բժշկական օգնություն են տրամադրում։ Նրանցից ոմանք Կարմիր խաչից են, մյուսներն այստեղ են, որովհետեւ իրենց կարիքը կա:
Ֆլորին Ռաստեիուի կողմից
* * *
ԿԱՏՐԻՆ
Այն պաշտպանում է ինձ: Կարծես իմ թալիսմանը լինի:
Կատրին, 29 տարեկան
ԱՆԱՍՏԱՍԻԱ ԱՀԱՐԿՈՎԱ
Տեսաձայնագրությունն անգլերեն է:
* * *
ՍԱՀՄԱՆԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ
«Իրո, դու ամեն գնով պետք է անցնես սահմանը»,- ինձ խնդրում էր լավագույն ընկերս:
Չբացատրեցի նրան, որ նույնիսկ Արեւմտյան Ուկրաինայում ես ինձ անապահով էի զգում: Երբ պառկում էի քնելու, մտածում էի, թե արդյոք հրթիռներից մեր պատուհանները չեն ճաքի, եւ ապակի չի ընկնի այն մահճակալի վրա, որտեղ քնած էր չորս տարեկան աղջիկս։ Ամեն անգամ, երբ բեռնատար էր անցնում մեր կողքով, ես դողում էի՝ փորձելով հասկանալ, թե արդյոք դա ինքնաթիռ չէ։
Որոշումս շատ արագ կայացրի: Ճիշտ էր թե սխալ, հետո կգնահատեմ, հիմա երեխայիս անվտանգությունն է առաջնահերթ:
Մենք որոշել էինք անցնել Ռումինիայի սահմանը, երբ ընկերս տեղեկացրեց, որ ավելի արագ կլինի, եթե հատենք Սլովակիայի սահմանը: Եվ ուղեւորվեցինք դեպի Մալի Բերեզնի-Ուբլա անցակետ: Ճանապարհին մեզ հետ վերցրինք երկու կնոջ, որոնք գնում էին Արեւմտյան Ուկրաինայում գտնվող իրենց տուն, եւ գիշերն անցկացրինք նրանց տանը:
Երբ մոտեցանք Մալի Բերեզնիին, նկատեցինք մի կամավորի, որը կարգավորում էր երթեւեկությունը. «Այս ճանապարհով՝ դեպի Ուժհորոդ, մեքենայով սահմանը հատելու համար՝ այս գիծը, ոտքով շարունակելու համար հնարավորինս մոտենալ դարպասին…»:
Սահմանի մոտ մեզ նորից կանգնեցրին։ Նայեցի շուրջս. հիմնականում կանայք էին փոքր երեխաների հետ եւ տարեց տղամարդիկ: Երիտասարդ տղամարդիկ բերում էին իրենց ընտանիքներին, հետո վերադառնում:
Նույնիսկ մեզ նման մարդկանց համար, որոնք առաջին անգամ էին այնտեղ, ամեն ինչ հասկանալի էր. կամավորներն ուղղորդում էին ուր գնալ եւ ինչ անել:
Փետրվարի 27-ին մեքենաների շարանը ձգվեց ավելի քան 5 կիլոմետր եւ անընդհատ աճում էր: Հետիոտների հերթը դանդաղ էր շարժվում, բայց շարժվում էր։ Այնտեղ, որտեղ այլեւս հնարավոր չէր մեքենայով հասնել, ավտոբուս էր գալիս մարդկանց վերցնելու։
Աղջիկս՝ Վլադան, մտածելով, որ սա մայրիկի եւ իր հերթական արձակուրդն է, աշխույժ եւ հետաքրքրասեր էր դարձել: Ես շատ անհանգիստ էի, ականջներումս հնչում էին տատիկիս խոսքերը առաջին պատերազմի մասին. «Ամենակարեւորը միասին մնալն է, չբաժանվելը միմյանցից։ Ընտանիքներն այդպես կորցրել են իրար…»:
Հետո ես հրաժեշտ եմ տալիս ամուսնուս՝ չիմանալով, թե երբ նորից կտեսնվենք։
Ավտոբուսը լցված էր։ Կամավորը «տետրիս» խաղալու պես տեղավորում էր պայուսակները, կենդանիներին եւ օգնում ուղեւորներին։
Սահմանը ոտքով հատել փորձողների հերթը մեծանում էր, բայց առաջ էր շարժվում, ինչը մի քիչ հուսադրող էր։ Մոտակայքում դրված սեղաններին մատուցում էին սենդվիչներ, կաթսաներում եփում էին բոգրաչներ (հունգարական շոգեխաշած տավար ու պղպեղ) եւ բորշչ, բաժանում էին մուրաբայով բլիթներ, խնձոր, թխվածքաբլիթ, մածուն եւ տաք թեյ։ Սնունդն առատ էր։
Բայց տեսադաշտում հանրային զուգարանի նշան չկար։ Նստելու, հանգստանալու տեղ չկար։ Թեեւ հերթը շարժվում էր, բայց բազմությունը մեծ էր, եւ ուշացումներ էին լինում։ Շատ մայրեր ստիպված էին լինում փոխել երեխաների տակդիրները կամ երեխային գրկած հանգստանալ փայտե պալետների վրա:
Աղջիկս շարեց իր խաղալիքները եւ մանկական անկյուն ստեղծեց։ Նա իր սկուտերով ման տվեց մի փոքր աղջկա, ուսապարկից հանեց թանկարժեք իրերը՝ կրծքանշան՝ ծնողների կոնտակտներով («Սա, եթե ես կորչեմ»,- բացատրում է Վլադան աղջկան), եւ պատմում էր նրան մարակաների մասին (կարիբյան եւ լատինական երաժշտական գործիք) վերջերս մեր կատարած ճամփորդությունից։
Թեեւ ես հասկանում եմ, որ սահմանային անցակետը երեխաների ժամանցի վայր չէ, բայց եթե լինեին կամավորներ, որոնք գոնե մի փոքր կօգնեին մայրերին, շատ ավելի հեշտ կլիներ անորոշության մեջ սպասելը:
Երբ մոտեցա անցակետին, նկատեցի, որ միայն մեկ պատուհան կա, որտեղ փաստաթղթեր են ստուգվում։ Մյուս կողմից՝ սահմանի սլովակյան կողմում, ամեն ինչ շատ ավելի արագ էր ընթանում։ Ավելին՝ փոքր երեխաներ ունեցող մայրերին դիմավորում էին հնարավորինս արագ։
Հենց անցանք սլովակյան կողմը, մեզ դիմավորեցին կամավորները, տվեցին փաթեթներ՝ սնունդ, ջուր, խաղալիքներ, եւ ուղեկցեցին դեպի մեկ այլ ավտոբուս: Այդպիսի մի քանի ավտոբուս կար, ու ամեն մեկն իր տեղն էր զբաղեցնում, ոչ ոք չէր կռվում, չէր բարկանում։ Բայց մենք բոլորս շփոթված էինք:
Մեզ տարան դպրոց, որը փախստականների ժամանակավոր ճամբարի էր վերածվել։ Ճամբարում լուսավոր էր, տաք, գիշերելու տեղ կար, սնունդ, ինտերնետ: Եթե չեք տիրապետում լեզվին, կար կամավոր, որը կօգներ թարգմանելու: Ինձ նաեւ տեղեկացրին, որ տրամադրում են կոնտակտային տվյալներ՝ ուր գնալ հետո, որտեղ գտնել բնակարան եւ այլն։
Առաջին հանդիպումը ջերմ էր, թեեւ մի քիչ ճնշող: Մի քանիսն ինձ հարցրին՝ արդյոք սոված չեմ, եւ բոլորը փորձում էին աղջկաս նվերներ տալ, չնայած որ ձեռքերն արդեն լի էին նվերներով:
Զուգահեռ տիեզերքում գտնվելու զգացողություն ունեի: Տասն օր առաջ հանգստանում էի Դոմինիկյան Հանրապետությունում եւ մեքենա էի վարձում, ընտրում, թե որ ռեստորանում ճաշեմ ընտանիքիս հետ: Այսօր ես անօթեւան եմ եւ կախված ինձ շրջապատող մարդկանցից։ Ես նույնիսկ պետք է հավելյալ շապիկ խնդրեմ ինձ օթեւան տրամադրած ընտանիքից, որ վերջապես մաքուր հագուստով քնեմ երեք օր ընդմիջումներով ճանապարհ գնալուց հետո:
Ոմանք, որոնց հետ հասցրել եմ խոսել սահմանին, այնքան էլ լավատես չեն, որ պատերազմը շուտ կավարտվի, բայց հստակ հասկանում են, որ պատերազմող երկրի կողքին ապրելը նույնքան վտանգավոր է։ Ուստի բոլորը հավաքել են իրենց ուժերը՝ փախստականներին օգնելու համար։ Նույն ջերմ ընդունելության մասին են պատմում Ռումինիայի ու Լեհաստանի սահմաններից։
Շատերը հարցնում են, թե ինչպես են մեր գործերը։ Ես նրանց կպատասխանեմ՝ մենք կռվում ենք, ուկրաինացի զինվորականները հոյակապ են, ուկրաինացիներն ուժեղ են եւ միասնական։ Հետեւաբար մեր հաղթանակը մոտ է։
Իրինա Վիրտոսու, «ԶՄԻՆԱ» -ից
* * *
ՄԵՐ ԿՅԱՆՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Որոշեցինք մնալ տանը, նկուղ չունենք, պատուհանների փեղկերը փակ են, կպչուն ժապավեն ենք փակցրել ապակիներին: Այսօր շատ ուժեղ պայթյուններ ու կրակոցներ են: Ինձ հետ են երկու երեխաներս՝ 9 եւ 8 տարեկան, եւ կատուն: