ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2012-ին մարտի 21-ը հռչակեց Անտառների միջազգային օր՝ ուղղված անտառների կարեւորության մասին իրազեկության բարձրացմանը:
Անտառներն ամբողջ մոլորակի համար էկոլոգիական, սոցիալական եւ տնտեսական կարեւոր նշանակություն ունեն։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 1,3 միլիարդ մարդու համար անտառի բարիքներն ավելին են, քան սոսկ որպես կենսական պահանջ, եւս 10 միլիոն մարդ աշխատում է անտառային տնտեսություններում։
Ամեն տարի անտառների միջազգային օրը ՄԱԿ-ը անդամ երկրներին հորդորում է տեղական եւ միջազգային մասշտաբի գործողություններ՝ անտառների խնամք, ծառատունկեր, իրազեկման միջոցառումներ ձեռնարկել:
Անտառները կարեւորվում են նաեւ կլիմայի գլոբալ փոփոխության մեղմման ու հարմարվողականության առումով:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ այսուհետեւ մարտի 21-ը Հայաստանում կնշվի նաեւ որպես անտառագետի օր։
ՀՀ անտառային տարածքները կարող են անդառնալիորեն կորսվել
ՀՀ անտառածածկ տարածքը վերջին հաշվառման տվյալներով կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 11,1%-ը։ Կառավարությունը հանձն է առել ընդլայնել անտառապատ տարածքը մինչեւ 12,9%: Այս արդյունքին ակնկալվում է հասնել մինչեւ 2030 թվականը: Անտառների ընդլայնման այս թիրախը դրված է Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային ծրագրով:
Համաշխարհային բանկի հրապարակած տվյալներով՝ նպատակաուղղված գործողությունների բացակայության դեպքում երկրի անտառային տարածքները կարող են անդառնալիորեն կորսվել, քանի որ Հայաստանում ամենավտանգված էկոհամակարգերից են։ Անտառային տարածքները հիմնականում երկրի հյուսիսարեւելյան ու հարավարեւելյան մասում են, դրանց 70%-ը դեգրադացված է, իսկ անտառածածկ տարածքներն աստիճանաբար վերածվում են խոտհարքների։
Ըստ բանկի հրապարակած հաշվետվության՝ անապատացման հիմնական պատճառներն են հանքարդյունաբերական գործունեությունը, ապօրինի ծառահատումներն ու փայտնանյութը որպես վառելիք օգտագործելը:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։