Բրիտանական BBC գործակալությունը հայտնել է, որ Մոսկվայի Տվերսկի դատարանը Meta-ն ճանաչել է որպես ծայրահեղական կազմակերպություն եւ արգելել նրա գործունեությունը Ռուսաստանում։ Meta-ին են պատկանում ամենամեծ սոցիալական ցանցերն ու մեսենջերները՝ Facebook, Instagram, WhatsApp: ՌԴ իշխանությունները WhatsApp-ի դեմ առայժմ բողոք չունեն։
Դատի ժամանակ գլխավոր դատախազության ներկայացուցիչը պարզաբանել է, որ եթե Ռուսաստանում արգելվի Meta-ն, ապա Facebook-ի եւ Instagram-ի օգտատերերը չեն պատժվի արգելափակումը շրջանցելու համար։
Գլխավոր դատախազությունը պահանջել է Meta Platforms Inc.-ը ճանաչել ծայրահեղական կազմակերպություն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Facebook-ը եւ Instagram-ը որոշ երկրների օգտատերերին ժամանակավորապես թույլ են տվել ռուսաստանցի զինվորականների նկատմամբ բռնության կոչեր անել, ինչպես նաեւ մահ ցանկանալ Ռուսաստանի ու Բելառուսի նախագահներին։