Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է, որ հակառակ բանակցություններում արձանագրված որոշակի առաջընթացին՝ այնուհանդերձ, ռուս-ուկրաինական հարաբերություններում հիմնարար խնդիրների շուրջ տարաձայնությունները դեռեւս շատ լուրջ բնույթ ունեն:
«Մենք աշխարհի տարբեր երկրներում մեր մյուս բարեկամների հետ կշարունակենք ջանքեր գործադրել՝ հաղթահարելու այդ տարաձայնությունները։ Ամենալավ բանը, որ կարող է տեղի ունենալ, պատերազմի ավարտն է։ Բայց դրան տանող ճանապարհը դեռ շատ երկար է, կան քննարկման ենթակա մի շարք հիմնախնդիրներ»,- ընդգծել է Բենեթը։
Իսրայելի վարչապետն այն եզակի օտարերկրյա ղեկավարներից է, որն Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո այցելել է Մոսկվա եւ հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով` Մոսկվայի եւ Կիեւի միջեւ միջնորդական առաքելության ընթացքում Բենեթն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խորհուրդ էր տվել գոնե մասամբ համաձայնել Մոսկվայի ներկայացրած պահանջներին։