Խաղողի 1000 վազ ու դրանից ստացված մոտ 1000 շիշ գինի: Single vinеyard գաղափարը, համաձայն որի՝ գինին ստանում են միայն մեկ այգու խաղողից, Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում էլ է տեղ գտել: Ծրագիրն այնտեղ առաջին անգամ մշակել ու կիրառել է գինեգործ Արտեմ Պարսեղյանը:
Կյանքի սկզբում Ռուսաստանում ապրած Արտեմը Երեւանի պետական համալսարանի կենսաբանության բաժնում է սովորել, որտեղ էլ սկսել է ուսումնասիրել գինու մանրէաբանությունը: Այդ խմիչքի հանդեպ հետաքրքրությունն էլ Արտեմին հասցրել է Եվրոպա՝ գինեգործության նրբությունները սովորելու:
«2011-ին Էրազմուս Մունդուսի Vinifera Euromaster Masters of Viticulture մագիստրոսական ծրագրով մեկնեցի Եվրոպա: Առաջին տարին սովորեցի Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի Montpellier SupAgro համալսարանում, երկրորդ տարին՝ Գերմանիայի Geisenheim University-ում»,- «Ալիք Մեդիա»-ին պատմում է Արտեմը:
Սրանով, սակայն, Արտեմի ուսումնառությունը չի ավարտվել: Նա գործնական գիտելիքներ է ստացել նաեւ Պորտուգալիայում: Այդ ժամանակ էլ գինեգործն ընրության առջեւ է կանգնել՝ աշխատել Եվրոպայո՞ւմ, թե՞ վերադառնալ հայրենիք ու գիտելիքը ծառայեցնել ծննդավայրում: Ընտրեց երկրորդ տարբերակը:
Վերադառնալով Հայաստան՝ Արտեմը միացել է «Տրինիտի կանյոն այգիներ»-ի թիմին՝ դառնալով ընկերության գլխավոր գինեգործը: Քանի որ «Տրինիտին» Աղավնաձորում է, Արտեմի կապն ամրապնդվել է գյուղի հետ, մի օր էլ որոշել է սեփական գինեգործարանը հիմնել:
Եվրոպայից Երեւան, Երեւանից՝ Աղավնաձոր
2020-ին Արտեմը վերջնական որոշել է ընտանիքի հետ տեղափոխվել Աղավնաձոր ու մշտական բնակություն հաստատել: «Մոտ 150 տարվա վազեր ունեցող այգի գնեցինք ու սկսեցինք աշխատել: Այգում մոտ 1000 վազ կա, ինչից էլ առաջացավ ապրանքանիշի անունը՝ «Հազարվազ»»,- ասում է Արտեմը:
Դարուկես կյանք ապրած այգին հասցրել է սեփական լեգենդն ունենալ: Այն գտնվում է գյուղի՝ «Օձի կծած» կոչվող տարածքում: Պատմում են, թե ժամանակին մի քանի գյուղացիներ փորձել են գողանալ այգու բերքը, օձերն էլ տեսել, կծել են գողերին: Այդպես է տարածքը ստացել իր անունն ու այսօր էլ տեղ գտել նաեւ «Հազարվազի» շշերի պիտակներին: «Օձանշանից» բացի՝ մեկ այլ պիտակ էլ կա, ինչի բացատրությունը թողնում են ըմպողին:
«Հազարվազը» սպառվում է Հայաստանում: Արտեմն ասում է՝ արտադրության ծավալները հազիվ թե ավելանան, քանի որ կարեւոր խնդիր ունեն՝ պահպանել մեկ այգուց ստացվող բերքի արտադրության գաղափարը:
«Այսօր շուկայում շատ գինիներ կան, որոնք պատրաստվում են տարբեր այգիների՝ տարբեր ծագումներ ունեցող խաղողներից: Դրանք կարող են շատ որակյալ լինել, բայց չեն փոխանցում այն յուրահատկությունը, որ տալիս է կոնկրետ տարածքի հողի կազմը, կլիմայական պայմանները, լանդշաֆտը: Մենք շեշտադրում ենք խաղողի որակն ու բերքատվությունը»,- մեկնաբանում է գինեգործը:
Խաղողագործից՝ գինեգործ
Ըստ Արտեմի՝ single vinеyard գաղափարը կարող է մեծ տարածում ստանալ՝ օգնելով գյուղացիներին գինեգործությունը դաձնելու եկամտի կարեւոր աղբյուր: Դա նաեւ հնարավորություն կընձեռի ազատվելու ամեն տարի խաղողի սպառման դժվարություններից:
«Գյուղացին ամբողջ տարին աշխատում է, հետո խաղողի մեկ կիլոգրամը վաճառում, օրինակ, 200 դրամով: Մինչդեռ կարող է սկսել գինու սեփական արտադրությունն ու վաճառել մի քանի անգամ ավելի բարձր գնով: Այդպիսով խաղողը կմնա գյուղում եւ արտադրանք կդառնա, մրցակցություն կառաջանա»,- նշում է գինեգործը:
Արտեմն ու գործընկերները համագործակցում են մարզի երիտասարդների հետ, որոնք «Տրինիտիի» գործարանում գինեգործի հմտություններ են ստանում: Նաեւ օգնում են գյուղացիական տնտեսություններին՝ սկսելու սեփական արտադրությունը:
«Աղավնաձորը խաղողի մեծ պաշարներ ունի, բայց գինեգործներ գրեթե չկան: Մենք էլ ենք ծրագրեր անում՝ փորձելով գյուղացիներին խաղողագործներից դարձնել գինեգործներ: Այդ երկուսը միշտ իրարից անկախ են եղել. մարդիկ իմացել են կա՛մ խաղող մշակել, կա՛մ գինի պատրաստել»,- ասում է Արտեմը:
Գինեգործության ոլորտի աշխուժացումն այդ տարածքում կարող է նպաստել նաեւ, որ երիտասարդները չլքեն գյուղը: Արտեմը նշում է, որ գյուղական համայնքներում կրթության որակն է ցածր, ինչն էլ խանգարում է նաեւ Երեւանի ապակենտրոնացմանը: «Տեղում տնտեսության զարգացումը կարող է ազդել նաեւ այդ խնդրի լուծման վրա»:
Ինչ վերաբերում է Աղավնաձորը Հայաստանի գինեգործական կենտրոն դարձնելուն, նա նշում է, թե վերջին տարիներին այն ավելի ու ավելի է հայտնի է դառնում։ «Արդեն իսկ մի քանի արտադրողներ կան, որոնց գինիներն արտահանվում են ամբողջ աշխարհում: Այդ գինիների պիտակներին կա Աղավնաձորի անունը: Հուսամ՝ 5-10 տարվա ընթացքում Աղավնաձորում կշահագործվեն գինու մի քանի լուրջ արտադրություններ, դրան զուգահեռ գյուղացիական մի քանի տնտեսություններ կսկսեն զբաղվել գինեգործությամբ»,- ամփոփում է Արտեմ Պարսեղյանը:
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: