«Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնը», Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում (Էկոկենտրոն) գործում է 2012 թվականից:
Մինչ այդ էկոկենտրոնի 20 տարվա հետազոտությունները ցույց էին տվել որ շրջակա միջավայրի աղտոտումն ահագնացել էր դառնալով սննդամթերքի անվտանգության խնդիր: ՀՀ հանքալեռնային շրջաններում իրականացված հետազոտություններից պարզ էր դարձել, որ հող-ջուր-բույս համակարգով աղտոտիչները հասել էին սննդի շղթայի տարբեր օղակներ, ասել է թե՝ մեր սեղանին:
ՀՀ Կառավարության եւ Եվրոպական միության խորհրդատվական խմբի համատեղ ստեղծած հանձնաժողովի կարծիքի հիման վրա ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում ստեղծվեց սննդի շղթայի ռիսկերով զբաղվող այս կառույցը:
«Եթե մենք երկրաքիմիկներով կանաչիներում ծանր մետաղների բարձր պարունակություն հայտնաբերելու դեպքում, իսկ կանաչիները շատ են կուտակում դրանք, ասում էինք՝ մի՛ կերեք, ապա սննդի անվտնագության տեսանկյունից ռիսկի գնահատումից հետո ստացանք այլ պատկեր: Բանն այն է, որ մենք կանաչի ավելի քիչ ենք ուտում, քան, օրինակ, կարտոֆիլ, որն ավելի քիչ է աղտոտված, բայց շատ է օգտագործվում մեր սննդակարգում»,- ասում է ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը:
Այսպիսով՝ Էկոկենտրոնի հետազոտությունները դրվեցին նոր մակարդակի վրա: Փոխվեցին բնակչությանը տրվող առաջարկները՝ ինչ անել, ինչ աճեցնել, ինչ ուտել: Սննդագետներն էլ պարզեցին, թե ով ինչ ուտի ու ինչքան: Արդյունքը եղավ այն, որ կենտրոնի գիտնականների գործունեությունը հանգեց սննդի անվտանգության հարցերին:
Այս ընթացքում ՀՀ Կառավարության ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ԱՍՏՄ) եղել է Էկոկենտրոնի լավ գործընկերը: Համագործակցել են պետական նպատակային մի քանի ծրագրերի շրջանակներում: Ներկայումս էլ համագործակցում են փորձագիտական երկրաքիմիական քարտեզների կազմման նպատակային ծրագրի շրջանակում, եւ իրականացվում է պտուղ-բանջարեղենում ծանր մետաղների ռիսկի գնահատում:
Տարածքների երկրաքիմիական առանձնահատկությունների բացահայտումը կարեւորվում է ամբողջ աշխարհում, քանի որ հաճախ շեշտը դրվում է անթրոպոգեն սթրեսի վրա, մինչդեռ տվյալ տարածքը կարող է բնականորեն պարունակել որոշակի տարրեր, որոնք այլ դեպքում կարող են աղտոտման հետեւանք լինել: Այս կերպ բացահայտվում են նաեւ այն տարածքները, որտեղ այս կամ այն աղտոտիչի պարունակությունը նորմայից բարձր է, ուստի գյուղատնտեսությունը պետք է լինի նախազգուշավորության սկզբունքի կիրառմամբ՝ հաշվի առնելով անվտանգային հարցերը:
«Այդ փորձագիտական քարտեզները խնայելու են պետական ռեսուրսները հետագա մշտադիտարկման համար: Քանի որ եթե ուզում ենք արտահանել որեւէ մթերք եվրոպական երկրներ կամ ԵԱՏՄ տարածք, պետք է հաշվի առնենք, թե որտեղ է աճեցված, տարածքը ռիսկային է, թե ոչ»,- ասում է Լիլիթ Սահակյանը
Տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի եւ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրումով համագործակցության նոր փուլ մեկնարկեց՝ միտված Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի վերահսկողության արդյունավետության բարձրացմանը:
Ինչո՞ւ է այս համագործակցությունը կարեւոր:
Ամբողջ աշխարհում սննդային ռիսկի գնահատումն իրականացնում են անկախ գիտական մարմինները:
«Ռիսկի գնահատումը, կառավարումն ու հաղորդակցությունը տարբեր բաներ են, պետք է տարբեր օղակներ իրականացնեն, ինչը մեր երկրում խախտված է ե՛ւ սննդի անվտանգության, ե՛ւ շրջակա միջավայրի անվտանգության հարցերում»,- ասում է Լիլիթ Սահակյանը:
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի «Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի» ղեկավար Դավիթ Պիպոյանն էլ պարզաբանում է, որ իրենք սննդամթերքն ուսումնասիրում են այն վիճակում, ինչպես օգտագործում է մարդը: Մինչդեռ սննդի անվտանգության տեսուչները չեն մտնում մարդու խոհանոց, նրանք նմուշը վերցնում են սահմանային հսկիչ կետից, խանութից, այնպես, ինչպես տնտեսվարողն է հրամցնում:
«Հում հավ կամ հում հնդկաձավար չենք ուսումնասիրում: Ռիսկը գնահատելու համար իրականացնում ենք ընդհանուր սննդակարգային հետազոտություն: Այսինքն՝ հաշվի ենք առնում, որ հնդկաձավարը բուսական յուղով կամ կարագով, աղով, ջրով եփվելուց հետո է օգտագործվում: Թիրախային ռիսկի գնահատում էլ ենք անում, քանի որ կան մթերքներ, որ մարդը հում վիճակում է ուտում, օրինակ՝ բանջարեղենը, միրգը»,- ասում է Պիպոյանը:
Ռիսկի գնահատման համար չափազանց կարեւոր են նաեւ սննդակարգն ու քանակը:
Հաշվի ենք առնում մարդկանց սովորույթները՝ հասկանալու համար, թե տվյալ մթերքն ինչ հաճախականությամբ է օգտագործվում, ինչ չափաբաժիններով, օգտագործումը սեզոնային բնույթ է կրում, թե օգտագործվում է կլոր տարին: Ուստի փոփոխությունները տեսնելու համար պետք է ուսումնասիրություններ անել տարին 12 ամիս:
«Օրինակ՝ մենք՝ հայերս, տավարի միսը հիմնականում խաշած ենք օգտագործում, բայց խոզի միսը՝ ոչ: Ձմերուկ օգտագործում ենք տարվա մեջ մոտ երեք ամիս, բայց մեծ չափաքանակներով»,- պարզաբանում է Պիպոյանը:
ՍԱՏՄ-ի հետ համագործակցությունը հնարավորություն կտա այսուհետև իրականացնելու ռիսկահենք մշտադիտարկում եւ խնայելու պետական ռեսուրսները: Հատկապես որ մեր երկիրն այնքան հարուստ չէ, որ վատնի սակավ ռեսուրսները: Օրինակ՝ ԱՍՏՄ- Էկոկենտրոն փոխհամագործակցության արդյունքում կենտրոնը կարող է մուտք ունենալ տեսչական մարմնի տվյալների հարուստ բազա, որի ձեռքբերման համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ չունի: Կենտրոնը կարող է ձեռք բերել նաեւ տվյալներ այն ոլորտներից, որտեղ մուտք գործելու իրավունք չունի, օրինակ՝ մանկապարտեզներից: Մինդեռ երեխաները սննդի անվտանգության ռիսկի գնահատման տեսանկյունից առանձին՝ առավել խոցելի խումբ են: Ըստ կարգի՝ մանկապարտեզում, տեսանելի հատվածում կախված է լինում ճաշացուցակը, բայց ոչ չափաբաժինները, որոնք անհրաժեշտ են ռիսկի գնահատման համար:
Կենտրոնում սննդամթերքի նմուշների հետազոտությունից ստացված թվերը դառնում են տվյալներ, մարդու առողջության տեսանկյունից ամփոփած տեղեկություն ու գործիքակազմ սպառողին՝ պաշտպանվելու համար:
Սննդի շղթայի ռիսկերի գնահատման հետազոտությունները կարեւոր են ոչ միայն ճիշտ մշտադիտարկման, այլեւ գիտահենք որոշումների կայացման համար:
Հասարակական սննդի օբյեկտներում սեղանին աղամանների բացակայության վերաբերյալ օրենսդրական փոփոխության նախագիծը Դավիթ Պիպոյանի կարծիքով երեւանակենտրոն ու ոչ գիտահենք մոտեցման արդյունք է: Բնակչության առողջության պահպանության նպատակով աղի չափաքանակը նրա կարծիքով կարելի է նվազեցնել, օրինակ, հացի ստանդարտի միջոցով, քանի որ հաց տարբեր չափաքանակներով, բայց գրեթե բոլորն են օգտագործում, իսկ սրճարան ու ռեստորան Հայաստանի բնակչության կեսից ավելին հազվադեպ է գնում:
Այսպիսով՝ «ՍԱՏՄ ու «Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական-վերլուծական կենտրոնի» համագործակցությունը հնարավորություն կտա ոլորտում վերացնելու անորոշության պայմաններում որոշումների կայացման ավանդույթը»,- նշում է Էկոկենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։