Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջերս հաճախ է գրում մտավորականների մասին՝ կշտամբելով նրանց տարիներ շարունակ ճշմարտությունը ժողովրդին չասելու, մարդկային մտածողությունը ձեւախեղելու եւ իշխանության պրոպագանդիստական թեզերը վերարտադրելու համար։
Նախագահի այս մտասեւեռումը շատերի կողմից ըստ պատշաճի չընկալվեց, ընդհակառակը՝ նրան մեղադրեցին պետության առջեւ ծառացած առաջնային մարտահրավերները մոռացության մատնելու եւ անցյալի իր ընդդիմախոսներին թիրախավորելու համար։
Այս բարդ ժամանակաշրջանում մտավորականների վարքագծի քննարկումը միայն առաջին հայացքից է անկարեւոր եւ ոչ հրատապ, ավելին՝ իմ համոզմամբ դա ամենակարեւոր խնդիրներից մեկն է, որի վերաբերյալ անհրաժեշտ է հստակ քաղաքական դիրքորոշում հայտնել։ Առանց այդ դիրքորոշման մենք չենք կարող առաջ շարժվել։
Իմ համոզմամբ Տեր-Պետրոսյանի նկարագրած արատավոր իրականությունը կարելի է արտահայտել ընդամենը մեկ հակիրճ ձեւակերպմամբ՝ ինտելեկտուալների դավաճանություն։ Այս մասին նա ուղիղ կերպով նշել է նաեւ 2021 թվականի նախընտրական արշավի շրջանակում Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ պատմելով ակադեմիկոս Բարխուդարյանի հետ ունեցած խոսակցությունը։
Պատմության եզրահանգումը հետեւյալն էր․ մտավորականները դավաճանել են երկրին, ժողովրդին եւ իրենց առաքելությանը։
Փորձենք հասկանալ, թե ինչ դավաճանության մասին է խոսքը, բայց մինչ այդ անհրաժեշտ է նշել, որ այս պարագայում կիրառվող «դավաճանություն» եզրույթը չպետք է շփոթել խորհրդարանի դավաճան-թալանչի ցածրակարգ, հակաինտելեկտուալ գզվռտոցի հետ։ Այս դեպքում իսկապես գործ ունենք արժեքների եւ գաղափարների լիակատար ուրացման եւ այլանդակման հետ։
Ամերիկացի լեզվաբան Նոամ Չոմսկին մի հայտնի էսսե ունի՝ «Ինտելեկտուալների պատասխանատվությունը» վերնագրով («A Special Supplement: The Responsibility of Intellectuals», The New York Review, 1967, 23 փետրվարի): Հանրային եւ անհատական պատասխանատվության մասին բազմաթիվ փիլիսոփայական աշխատություններ կան, բայց 20-րդ դարի երկրորդ կեսին գրված Չոմսկու այս էսսեն յուրահատուկ է նրանով, որ տարանջատում է ինտելեկտուալի պատասխանատվությունը հանրային անուղղակի, երբեմն էլ անհասցե ու լղոզված պատասխանատվությունից։
Ըստ նրա՝ ինտելեկտուալները հանրության մտավոր առաջընթացի շարժիչ ուժերն են եւ ուղիղ պարտավորություն ունեն ասելու ճշմարտությունն ու մերկացնելու պետությունների՝ քաղաքացիներին խաբելու արդեն իսկ սովորական դարձած պրակտիկան։ Այսինքն՝ ինտելեկտուալները չպետք է դառնան պետության հլու-հնազանդ աղախինները եւ վերարտադրեն նրա քարոզչական կարգախոսներն ու մանիպուլյատիվ նարատիվները։ Իսկ անտարբերությունը կամ էլ ռեժիմի քարոզչությանը մասնակից դառնալը նշանակում է հավասարազոր պատասխանատվություն կրել անարդարության, մարդկային զոհերի եւ տառապանքի համար։
Ինչպես տեսնում եք, Տեր-Պետրոսյանի՝ հայ մտավորականներին ուղղված կշտամբանքը քաղաքական նախապատվությունից դրդված ինչ-որ քմահաճույք չէ, այլ 60 տարի առաջ հասարակագիտության մեջ ամրագրված ճշմարտություն, որը դժվար թե հնարավոր լինի վիճարկել։ Նույնիսկ Չոմսկու ձախական եւ անարխիստական հայացքները մերժող մարդիկ համերաշխ են, որ մտավոր աշխատանքով զբաղվող անհատները պատասխանատվություն ունեն հանրության եւ քաղաքացիների, ինչպես նաեւ հենց իրենք իրենց առջեւ։
Սրա մասին է խոսում նախագահը եւ արձանագրում, որ հայ մտավորականները ինտելեկտուալ դավաճանություն են գործել՝ չասելով ճշմարտությունը եւ դառնալով պետության ռազմահայրենասիրական քարոզչության զինվորները։
Շատերը կարող են պնդել, թե չի կարելի հայ մտավոր իրականությունը համեմատել ամերիկյան եւ ֆրանսիական կայացած, հարուստ ավանդույթներով լեցուն միջավայրերի հետ։ Իհարկե, սրանք անհամեմատելի են։ Սովետական համակարգային, վուլգար ազգայնականությունից սերված գրողներն ու գիտնականները չեն կարող ոտք գցել Չոմսկու եւ Ֆուկոյի աշխարհների հետ։ Բայց մի՞թե հենց այդ նույն Տեր-Պետրոսյանի 1996-ի հայտնի ելույթը «Վերջին վհատվողի» մասին չէր կարող դառնալ ավանդույթի մեկնարկը կամ էլ առաջին քայլը արվեստագետների եւ գիտնականների ինտելեկտուալ ազատագրության համար։
Ինձ թվում է՝ այդ տեքստը հենց դրա մասին է․ նախագահն ասում է՝ դուք չեք կարող լինել իշխանության հետ նույն քաղաքական գծում, եւ ձեր հակադիր կեցվածքն ավելի քան հիմնավորված է եւ տրամաբանական, միայն թե մի՛ վհատվեք եւ մի՛ վհատեցրեք ժողովրդին, քանի որ դուք ինտելեկտուալ պատասխանատվություն ունեք։
«Վերջին վհատվողը» նաեւ կարեւոր քայլ էր հանրային շինարարության տեսանկյունից, այսինքն՝ վերջնականապես արմատախիլ անել Գրողների միությունում թափառող ստալինիզիմի ոգին եւ անցում կատարել ազատ քաղաքների մշակույթին, որտեղ հայախոս «Չոմսկիներն» ու «Ֆուկոները» առանց կաշկանդվելու կխոսեին պետության ոստիկանական բնույթի եւ խաղաղության հասնելու բարդագույն հիմնախնդիրների մասին՝ իրենց հետեւից տանելով մարդկային զանգվածներին։ Բայց փոխարենը գրականությունը, պատմագիտությունը, գրականագիտությունը, հասարակագիտությունը գրեթե ամբողջությամբ փոխադրվեցին ռազմահայրենասիրական պրոպագանդայի ռելսերի վրա՝ ծառայելով պատերազմը լեգիտիմության աղբյուր դիտարկող ռեժիմների շահերին։
Եվ այս իմաստով ուսյալ շրջանակները Հայաստանի ամենահետադիմական զանգվածներն են։ Հայ շինականը կամ էլ տաքսիստը շատ ավելի պարկեշտ է, քան բառերով եւ գաղափարներով խաղացող գրողներն ու գիտնականները։ Վերջիններս ուղիղ պատասխանատվություն են կրում Հայաստանի ջախջախման եւ ոչնչացման շեմին հայտնվելու համար։ Զինվորների թափված արյունը նաեւ նրանց խղճին է։
Ի դեպ, գրվածքն այս ամենեւին էլ անցյալի մասին չէ։ Որեւէ մեկը դեռեւս ափսոսանք չի հայտնել, ընդահակառակը՝ ինտելեկտուալ դավաճանությունը նոր թափ է հավաքում՝ փոխակերպվելով բնազդային այլասերվածության։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։