Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջպետական մայրուղու Վայք-Սիսիան-Գորիս ավտոճանապարհը բեռնատարների համար 09:30-ի դրությամբ փակ է, իսկ մարդատարների համար (երթեւեկելի է միակողմանի)՝ դժվարանցանելի:
Փակ է նաեւ Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի ճանապարհը, իսկ Ստեփանակերտ-Մարտակերտ միջշրջանային ճանապարհի որոշ հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Շրջանի բարձրլեռնային գոտիներում ձյան շերտի բարձրությունը հասնում է 60 սանտիմետրի:
Ստեփանակերտ-Շոշ-Կարմիր Շուկա ճանապարհը եւ Մարտունու շրջանի Աշան, Ավդուռ, Եմիշճան, Խերխան, Ծովատեղ, Կաղարծի, Կոլխոզաշեն, Հաղորտի, Հացի, Հերհեր, Մյուրիշեն, Մուշկապատ, Մսմնա, Նոր Շեն եւ Պառավաթումբ համայնքների ճանապարհները եւ Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային մայրուղու բարձրադիր հատվածները դժվարանցանելի են։ Ձյան շերտի բարձրությունը շրջանում հասնում է 1 մետրի։
Դժվարանցանելի են Ասկերանի շրջանի Խաչմաչ, Կարմիր Գյուղ, Սզնեք, Վերին Սզնեք, Սարուշեն եւ Ռեւ համայնքների ճանապարհները, այստեղ ձյան շերտի բարձրությունը 80 սմ-ից հասնում է մինչեւ 1 մետրի։
Շուշի-Լիսագոր-Բերձոր ճանապարհը բաց է ձմեռային անվադողերով երթեւեկող փոխադրամիջոցների համար։