Հայաստանի եւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններ Քրիստինե Գրիգորյանն ու Գեղամ Ստեփանյանը համատեղ հայտարարության մեջ համոզմունք են հայտնել, որ Արցախի հայության էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության համար գտնվել է «մանր վրեժխնդրության» գործիք։
ՀՀ ու Արցախի ՄԻՊ-երը շեշտել են՝ ակնհայտ է, որ վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու ընթացքում կամ դրանց անվան տակ ադրբեջանական կողմը փական է տեղադրել գազատարի վրա, ինչի միջոցով ցանկացած պահի այն փակելով՝ ահաբեկում է Արցախի խաղաղ բնակչությանը՝ թողնելով առանց ջեռուցման, տաք ջրի եւ այլ կենսական պայմանների, որոնք անհրաժեշտ են հատկապես նման ցուրտ եղանակային պայմաններում։
«Մեզ համար կասկածից վեր է, որ ադրբեջանական կողմը միտումնավոր շարունակում է Արցախի բնակչության ճնշման ու ահաբեկման պետական քաղաքականությունը։ Նպատակը չի փոխվել. Արցախը ենթարկել էթնիկ զտման ու դատարկել բնիկ հայերից։
Ավելի քան 100 հազար հայ բնակչության նկատմամբ այս ամոթալի «վրեժխնդրությունn» անընդունելի է։ Պետական այս ձեռագիրը լավագույնս բնորոշում է Ադրբեջանի կողմից հնչեցվող «հանդուրժողականության» թեզերի կեղծ ու սնանկ էությունը»,- նշված է Գրիգորյանի ու Ստեփանյանի հայտարարության մեջ։
Հայաստանի եւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանները դատապարտել են ադրբեջանական պետության՝ Արցախի բնակչության նկատմամբ էթնիկ ատելության ու վրեժխնդրության շարունակվող այս գործելակերպն ու մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին հորդորել ճնշում գործադրել ադրբեջանական կողմի վրա՝ մարդու իրավունքների այս լայնածավալ ու շարունակվող խախտումը վերացնելու համար։