Ռուս մեծահարուստ Ռոման Աբրամովիչի 430 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ My Solaris զբոսանավը մոտեցել է Էգեյան ծովի ափերին, հայտնում է Habertürk օրաթերթը։
140 մ երկարություն ու 26 մ լայնություն ունեցող զբոսանավին Բոդրումի նավահանգստում դիմավորել են մի խումբ ուկրաինացիներ «Ո՛չ պատերազմին» պաստառներով ու «հեռացե՛ք Ուկրաինայից», «Ռուսական նավ, հեռացի՛ր այստեղից» կոչերով։
Բոդրումի ծովափնյա ոստիկանական ուժերը բերման են ենթարկել փչովի նավակներով ռուսական զբոսանավը շրջափակած ուկրաինացիներին։ Ավելի ուշ նրանք ազատ են արձակվել։ Պարզվել է, որ ուկրաինացիները առագաստանավային մրցումների մասնակցելու նպատակով Իտալիա մեկնելուց հետո չեն կարողացել վերադառնալ Ուկրաինա ու մարտի 17-ից ժամանակավորապես հաստատվել են Բոդրումում։
Իսկ Աբրամովիչի մյուս՝ 1.5 միլիարդ դոլար արժողությամբ Eclipse զբոսանավը խարիսխ է գցել Մարմարիսի նավահանգստում՝ վառելիքով լիցքավորվելու նպատակով, փոխանցում է պարբերականը։