Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան խստորեն դատապարտել է խաղաղության պայմանագրի կնքմանն ու Կուրիլյան կղզիների շուրջ վեճի կարգավորմանն ուղղված բանակցությունները դադարեցնելու, ինչպես նաեւ համատեղ տնտեսական ծրագրերը սառեցնելու Ռուսաստանի որոշումը:
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մոսկվան հրաժարվել է խաղաղ պայմանագրի վերաբերյալ Ճապոնիայի հետ բանակցություններից ավելի վաղ հակառուսական պատժամիջոցների ներդրման պատճառով:
«Ռուսաստանն ինքն է ստեղծել այս ամբողջ իրավիճակը՝ Ուկրաինա ներխուժելով: Դրան խառնելով ռուս-ճապոնական հարաբերությունները՝ Մոսկվան չափազանց անարդար քայլի է դիմել: Մենք խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի այդ որոշումը»,- հայտարարել է Ֆումիո Կիշիդան:
Ռուսաստանը եւ Ճապոնիան Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո խաղաղության պայմանագիր ի պաշտոնե չեն կնքել, ինչի պատճառը Կուրիլյան կղզիների պատկանելության շուրջ վեճն է:
Խորհրդային Միությունը կղզիները գրավել է Երկրորդ աշխարհամարտի ավարտական փուլում: Ճապոնիան այդ կղզիներն անվանում է «Հյուսիսային տարածքներ»: