Մարտի 22-ին, 1993-ից սկսած, նշվում է Ջրի համաշխարհային օրը՝ շեշտը դնելով քաղցրահամ ջրի կարեւորության վրա: Օրվա հռչակման հիմքում 1992-ի հունիսին Ռիո դե Ժանեյրոյում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի պահպանության ու զարգացման համաժողովում ընդունված համապատասխան որաշումն է:
Ջրի համաշխարհային օրը կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրելու ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների, դրանց վերականգնման ու պահպանության վրա, ձեռնարկելու բնակչությանը խմելու ջրով ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր:
Ներկայում ջրի համաշխարհային օրվա հիմնական նպատակն է աջակցել Կայուն զարգացման 6-րդ նպատակին, այն է՝ մինչեւ 2030 թվականը բոլորի համար ապահովել մաքուր ջրի եւ սանիտարական պայմանների հասանելիություն:
ՄԱԿ-ը 2022-ին ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ մաքուր ու անվտանգ ջուրն ու սանիտարական տարրական պայմանները հասանելի չեն ավելի քան 2,2 միլիարդ մարդու: Կազմակերպությունը կոչ է անում բարձրացնելու հանրության շրջանում իրազեկության մակարդակը եւ գործողություններ ձեռնարկելու ջրի համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու համար:
Օրվա շրջանակում ուշադրության կենտրոնում հատկապես ստորերկրյա ջրերն են, որոնք թեեւ անտեսանելի են, բայց տեսանելի ազդեցություն ունեցող բարիք են ու անխնա օգտագործվում են նաեւ մեր երկրում:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը օրվա առիթով, Եվրոպական միության եւ ԳԴՀ տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության համատեղ ֆինանսավորմամբ, «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում հայտարարել է լուսանկարների մրցույթ, որին մասնակցել ցանկացողները կարող են մինչեւ մարտի 31-ը թեմատիկ լուսանկար կամ ֆոտոպատմություն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին՝ կցելով Սեւանա լճին առնչվող իրենց հիշողություններին, լճի խնդիրներին կամ Սեւանի պահպանության հարցերին վերաբերող հակիրճ նկարագրություն:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։