Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 22-ին ընդունել է Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեին, հայտնում է Sabah օրաթերթը։
Ստամբուլում Նիդերլանդների վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է Էրդողանի ու Ռյուտեի փակ հանդիպումը, այնուհետեւ երկու երկրների պատվիրակությունները խորհրդակցություն են ունեցել։
Հանդիպումներից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացվել են քննարկված թեմաները, երկրների միջեւ տնտեսական համագործակցության հեռանկարները։
«Թուրքիան ՆԱՏՕ-ի համար քաղաքական ու ռազմական առումով մեծ կարեւորություն ունի։ Իհարկե, ԵՄ-ի համար նույնպես կարեւոր գործընկեր է։ Թուրքիան որոշիչ դեր է խաղում Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններում։ Հարգելի Էրդողան, այս դերը ստանձնելու համար եւս մեկ անգամ Ձեզ շնորհակալություն եմ հայտնում»,- ասել է Նիդերլանդների վարչապետը։
«Ցանկանում եմ նշել, որ մենք բանակցությունների միջնորդության հարցում աջակցում ենք Թուրքիային, որն անհրաժեշտ բոլորը քայլերը ձեռնարկել է նաեւ Մոնտրոյի կոնվենցիայի պահանջները կատարելու հարցում»,- ասել է Ռյուտեն։
Պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը