«Սպուտնիկ Բելառուս»-ի հաղորդագրության համաձայն՝ Բելառուսի ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Կոնստանտին Բիչեկը հայտարարել է Ուկրաինայի՝ դիվանագիտական ծածկույթի տակ գործող գործակալական ցանցի բացահայտման մասին։
Ըստ նրա՝ դիվանագիտական առաքելության անդամների կեսը եղել են Ուկրաինայի ՊՆ գլխավոր հետախուզական վարչության եւ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցներ։
«Սա ցույց է տալիս, որ Ուկրաինան մեր երկրի դեմ ագրեսիվ հետախուզական գործունեություն իրականացնելու ուղղություն է ընտրել, որը հակասում է բնականոն դիվանագիտական հարաբերություններին»,- ասել է Բիչեկը եւ հավելել, որ Մինսկում Ուկրաինայի դեսպանատան աշխատակիցներն անձամբ են հետախուզական տեղեկություններ հավաքել բելառուսական ռազմական օբյեկտների վերաբերյալ։
Ուկրաինացի դիվանագետների գործողություններում կան լրտեսության բոլոր նշանները, սակայն նրանց դրա համար ոչինչ չի սպառնում․ դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 31-րդ հոդվածի համաձայն՝ այդ անձինք հյուրընկալող պետության տարածքում անձեռնմխելի են։
Ավելի վաղ «Ուկրաինսկայա պրավդա»-ն հայտնել էր, որ ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը Ուկրաինա ներխուժելու անհրաժեշտության մասին ագրեսիվ քարոզչական գործունեություն է ծավալել՝ ուղղված Բելառուսի ԶՈՒ զինծառայողներին։