Ռումինայում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ Ուկրաինայում տիրող իրավիճակով պայմանավորված՝ Ռումինիայում ՀՀ դեսպանությունը արտակարգ ռեժիմով օգնություն է ցուցաբերում Ուկրաինայից Ռումինիա անցնող եւ աջակցության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիներին եւ ազգությամբ հայերին։
ՀՀ արտգործնախարարի հրամանի համաձայն՝ մարտի 1-ից Ռումինիայի՝ Ուկրաինային եւ Մոլդովայի Հանրապետությանը սահմանամերձ Բոտոշան քաղաքում գործում է Ռումինիայում ՀՀ դեսպանության ժամանակավոր հյուպատոսական կետը: Բացման պահից ի վեր՝ հյուպատոսական կետն անհրաժեշտ օգնություն եւ խորհրդատվություն է ցուցաբերել հարյուրավոր ՀՀ քաղաքացիների եւ ազգությամբ հայերի:
Ռումինիայում ՀՀ դեսպանությունը սերտ համագործակցություն է հաստատել Ռումինիայի պատկան մարմինների հետ, ինչի շնորհիվ օպերատիվ եւ իրավաչափ կերպով կազմակերպվում է ՀՀ քաղաքացիների մուտքը Ռումինիա, ինչպես նաեւ վերադարձը հայրենիք:
Դեսպանությունը եւ Բոտոշանում գործող հյուպատոսական կետը շուրջօրյա ռեժիմով պատասխանում են գրանցված հեռախոսազանգերին:
«Մեր հայրենակիցներին հումանիտար աջակցություն է ցուցաբերվում ինչպես այլազգի կամավորների, այնպես էլ Ռումինիայում, մասնավորապես՝ Ուկրաինային հարակից Բոտոշան, Բայա-Մարե, Յաշ եւ Սուչավա, Տուլչայի մարզերում գործող հայկական կառույցների ներկայացուցիչների օգնությամբ»,– նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։