Թուրքիայի Մուղլա քաղաքի նավահանգստից դուրս եկած առագաստանավը, որը Հունաստանի տարածքով դեպի Իտալիա է տեղափոխել 98 փախստականի, Բոդրումից 4.5 կմ հեռավորության վրա գտնվող Լերոս կղզու մոտակայքում փոթորկի մեջ է հայտնվել։ Հունաստանի ծովափնյա անվտանգության աշխատակիցները, փրկելով առագաստանավի անձնակազմին ու ուղեւորներին, Լերոս կղզի են տեղափոխել 101 անձի, որոնցից 3-ը թրաֆիքինգի կազմակերպիչներն են եղել, հայտնում է Sözcü օրաթերթը։
Ըստ հունական ոստիկանության հայտարարության՝ ձերբակալված երեք անձինք Թուրքիայում ապաստանած փախստականների թրաֆիքինգով զբաղվող խոշոր ցանցի անդամներ են, որոնք ավելի վաղ Էգեյան ծովում նույն գործով են զբաղվել։ Իսկ ոստիկանությանը տված ցուցմունքում նրանցից երկուսը նշել էին, որ նավի անձնակազմից են, իսկ երրորդն ասել էր, որ ինքն առագաստանավորդ է։
Երեք ձերբակալվածների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Հունաստանի տարածք ապօրինի մուտք գործելու, փախստականների թրաֆիքինգով զբաղվող միջազգային ցանցի անդամ լինելու համար։ Հարուցվել է դատական գործ, իսկ մեղադրյալներն այժմ Լերոս կղզու բանտում են, հայտնում է պարբերականը։
Պատրաստեց Լիլիթ Գրիգորյանը