Ալբերտ Սիմոնյանն Ուկրաինայում ապրող հազարավոր հայերից է։ Իր կյանքն այդ երկրին է կապել 36 տարի առաջ՝ Լոռու մարզի Աքորի գյուղից մշտական բնակության տեղափոխվելով։ Հաստատվել է այնտեղ եւ փորձել կայանալ։ Ստացվել է։ Բայց 2014-ին ստիպված է եղել Դոնեցկի Սնեժնոյե քաղաքում թողնել ամեն ինչ եւ փախստականի կարգավիճակով տեղափոխվել Կիեւ։ 2022-ի փետրվարին, երբ սկսվել է ռուս-ուկրաինական պատերազմը, Սիմոնյանների ընտանիքը պատահականությամբ Դոնեցկում է եղել։ Մարտի 6-ին այնտեղից են Հայաստան՝ Աքորի եկել։ Ժամանակավոր վերադարձի պատճառը, սակայն, ոչ թե պատերազմը, այլ Ալբերտի մոր մահն է եղել։ Հիմա նա կնոջ հետ իր ծննդավայրում է, եղբայրներն ու որդիները՝ Ուկրաինայում, իսկ աղջիկն ընտանիքի հետ հասցրել է Լեհաստան տեղափոխվել։ Նրանց հետ ամեն օր կապի մեջ են՝ լավ լուրերի սպասումով։
Կրկնակի փախստական
Ալբերտ Սիմոնյան — 2014 թվին, երբ սկսվեց ամեն ինչ, հայտնվեցինք էպիկենտրոնում։ Մալայզիական բոինգը որ ընկավ, մեր տներից 5 կմ էր հեռու։ Տունը, բիզնեսները թողած՝ տեղափոխվեցինք Կիեւ։ Դոնեցկում կարի ֆաբրիկաներ ունեինք, ռեստորան՝ «Երեւան» անունով, որը հիմա ռուսները թալանել են։ Քարհանք ունեինք, էդտեղից բեռնատարներ, տրակտորներ են տարել։ Փառք Աստծուն, որ տունը չեն քանդել, կարի ֆաբրիկաներն էլ փակ են, ձեռք չեն տվել։ Էսօրվա վիճակում 1,5 մլն դոլարի եղածը թալանված է։ Մենք իրականում կրկնակի փախստական դարձանք։ Սովորական հայի կյանք, էլի։
Աքորի, Նոր Հաճն, Սնեժնոյե
Ալբերտ Սիմոնյան — Երիտասարդ տղա էի, չորս եղբայր էինք, մամաս էր մենակ, պապաս շուտ է մահացել։ Որոշեցի, որ ես մեծն եմ, դուրս գամ գյուղից, մեր ճանապարհը բացենք։ Կնոջս՝ Կարինեի հետ Նոր Հաճնի ադամանդի գործարանում էինք աշխատում։ Էդտեղից տեղափոխվեցինք Ուկրաինա։ Ոչ մի ազգային, լեզվի կամ մաշկի գույնի խնդիր, ոչ մի նման բան չի էղել 36 տարվա ընթացքում։ Շատ վստահ ենք ապրել, ինքնուրույն ենք եղել, երբեք ոչ մեկը մեզ ծուռ չի նայել։ Ավելին՝ ձգտել են մեզ հետ ընկեր լինելու։
Կարինե Սիմոնյան — Ասում են՝ նացիստներ են, չէ՞, ուկրաինացիները, բայց մենք արդեն 35 տարի է՝ ապրում ենք, ոչ մի անգամ նման բան չի եղել, որ ինչ-որ մեկն ակնարկի, որ մենք հայ ենք, գնացել ենք, էնտեղ ապրում ենք։ Չկա նման բան, խաբում են։ Նայում ես հեռուստացույց ու աչքիդ տեսածին, իրոք չես հավատում, ինչ են ուզում մարդիկ էդ պետությունից, ինչի են տենց բաներ անում։
Ավելի փափուկ ժողովուրդ են, քան ռուսները: Ռեստորանում նվագողներ ենք ունեցել արեւմտյան Ուկրաինայից՝ Տրուսկավեցից։ Էնքան խելոք ժողովուրդ են, շատ հիանալի մարդիկ, շփումը մինչեւ էսօր կա իրենց հետ, ես չէի ասի, որ նրանք նացիստ են, էդ բառը նրանց չի վերաբերում, իրենց հասցեին չի ասված։ Մեր ռեստորան ամեն օր 300 մարդ էր մտնում, բայց մենք ոչ մեկի կողմից մի անշնորհք խոսք կամ վերաբերմունք չենք նկատել։ Մի բիզնեսով չենք զբաղվել, շատ գործեր ենք արել, ու ամեն տեղ ընդառաջել են մարդիկ։ Մենք էստեղից գնացել ենք առանց ոչ մի բանի։ Բայց ինչ աշխատեցինք, կարելի է ասել՝ կորցրինք։
Պատերազմի թիկունքում
Ալբերտ Սիմոնյան — Կիեւից գործով Հայաստան էինք եկել։ Երբ հետ դարձանք, գնացինք Ռոստով։ Էնտեղից մեր տունը շատ մոտիկ է՝ 160 կմ։ Յոթ տարի չէինք եղել Դոնեցկում, որոշեցինք մտնենք, տեսնենք՝ ինչ վիճակում է։ Չնայած գիտեի, որ ռեստորանը թալանել էին, ուզում էինք՝ գոնե տունը տեսնեինք։ Մինչեւ կարգավորեցինք, պատերազմ սկսվեց։ Տղաներս մեզ հետ էին, աղջիկս՝ ընտանիքի հետ Խարկովում։ Մենք ոնց որ թիկունքում մնացինք։ Հետո մամայիս դեպքը եղավ, շատ մեծ դժվարությամբ կարողացանք գալ Հայաստան։
Պատերազմի մեջ
Ալբերտ Սիմոնյան — Եղբայրս հիմա Կիեւում է, ամեն օր խոսում ենք, բայց իրենք էլ են թաքնված։ Ռեստորան ունի էնտեղ, էս օրերին օգնություն բաժանելու համար ճաշ են պատրաստում, բաժանում պոստերին, զինվորականներին։ Եղբորս աղջիկն էլ Ուկրաինայի Գերագույն ռադայում է աշխատում։ Մյուս եղբայրս Յագոդինում է, էնտեղ հիմա վտանգ չկա, խաղաղ է։
Կարինե Սիմոնյան — Աղջիկս երեք անչափահաս երեխա ունի, պատերազմի սկզբում Խարկովում են եղել, ռմբակոծություններն ու ամեն ինչը զգացել են էրեխեքը։ Ու էդ ամենասարսափելի պահերին, միջանցքները որ բացեցին, իրենք տեղահանվեցին Լեհաստան։ Հիմա շատ գոհ են, հյուրանոցում տեղավորել են, ամեն ինչով ապահովում են՝ ուտելիքով, հագուստով, տեսնենք ոնց կլինի հետոն։ Ամբողջ աշխարհն է իրենց օգնում։ Ու ամեն ինչը՝ հսկողության տակ։ Կռիվը վերջանա, եթե իրենց տունը մնա, հետ կգնան։
Արդարությունը կհաղթի
Ալբերտ Սիմոնյան — Հնարավոր է՝ գնդակահարության տանեն, բայց արդարությունը պետք է ասենք, ինչը ռուսին ու հայերի մեծ մասին ձեռք չի տալիս։ Ինձ թվում է՝ Հայաստանում էլ շատ մարդկանց պարզ է, որ իրականում ռուսն է սկսել էս ամեն ինչը։ Դոնեցկից ու Լուգանսկից սկսեցին քայքայել երկիրը։
Պատերազմի ելքը կլուծվի շուտով, ու կգնանք մեր տները, մեր գործերին։ Վնասները պետք է փոխհատուցեն: Բացի էն տնից, որտեղ ապրում ենք, էլի տներ ունենք, որ քանդված են արդեն, թալանված են։ Դա պետք է փոխհատուցեն։ Արդարությունը կհաղթի, ազնվությունը կհաղթի, Ուկրաինան կմաքրվի կեղտից, ու նորից եվրոպական ժամանակակից երկիր կկառուցեն։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։