Աֆղանստանի Ariana News հեռուստաալիքը հաղորդել է, որ «Թալիբան» արմատական շարժման օրոք ձեւավորված Աֆղանստանի կառավարությունը, մասնավորապես կրթության նախարարությունը, միջին եւ ավագ դասարանների աղջիկներին արգելել է հաճախել դպրոց:
Հեռուստաալիքի տվյալներով՝ նախարարությունը հայտարարել է, որ միջնակարգ եւ ավագ դպրոցներն աղջիկների համար փակ կլինեն մինչեւ հետագա ծանուցումը: Ուսումնական տարվա սկզբից պարապմունքները կարող են սկսել միայն մինչեւ 6-րդ դասարանի աղջիկները:
Ըստ գերատեսչության կարգադրության՝ եթե 7-12-րդ դասարանների աղջիկների համար համազգեստ մշակվի մահմեդական իրավունքին՝ շարիաթին, ինչպես նաեւ ազգային ավանդույթին եւ մշակույթին համապատասխան, Աֆղանստանի Իսլամական Էմիրության հրահանգով դպրոցները կբացվեն նաեւ նրանց համար:
Թալիբների կառավարությունում կրթության նախարարությունը հավաստիացրել է, որ բոլոր դպրոցները, մեդրեսեները, մանկավարժական քոլեջները կրկին բաց կլինեն մարտի 23-ին։
Տեղեկանք
Մեդրեսե․ միջնակարգ դպրոցի եւ իսլամական հոգեւոր ճեմարանի դեր կատարող իսլամական ուսումնական հաստատություն։ Ուսումը մեդրեսեում երկսեռ է եւ անվճար։ Մեդրեսեն ավարտած շրջանավարտներն իրավունք ունեն դիմելու համալսարան։