ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է որ G20-ի եւ ԱԽՏՀ-ի (Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) գագաթնաժողովներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության հարցը պետք է կրկին քննության առնվի:
«Այս տարի ՌԴ նախագահը մտադի՞ր է արդյոք որեւէ գագաթնաժողովի մասնակցել, օրինակ՝ G20-ի գագաթնաժողովին կամ ԱԽՏՀ-ի նախատեսված բուն գագաթնաժողովին» հարցին ի պատասխան Պեսկովն ասել է, որ առայժմ վաղ է դրա մասին խոսել:
«Անշուշտ, համաշխարհային գործերի վիճակը փոխվել է դրամատիկորեն եւ արմատականորեն։ Ուստի, իհարկե, այդ ամենը պետք է վերստին քննության առնվի»,- ընդգծել է Պեսկովը:
Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանն ասել էր, որ Ուկրաինայի շուրջը ստեղծված իրադրության կապակցությամբ ԱՄՆ-ը դաշնակիցների եւ գործընկերների հետ ուսումնասիրում է «Մեծ քսանյակից» (G20) ՌԴ-ի բացառման հարցը:
Ինչ վերաբերում է G20-ի հարցին, պարզապես կասեմ հետեւյալը. կարծում ենք, որ Ռուսաստանն այլեւս չի կարող, ինչպես սովորաբար, գործեր վարել միջազգային ինստիտուտներում եւ միջազգային հանրակցությունում»,- ասել է Սալիվանը։