Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը կարգավորելու շուրջ ռուս-ուկրաինական բանակցություններում որոշակի առաջընթաց է նկատվում։
«Քննարկումներ են անցկացվում ամենօրյա ռեժիմով։ Սա շատ բարդ գործընթաց է, երբեմն նույնիսկ՝ սկանդալային»,- նշել է նա և շնորհակալություն հայտնել միջազգային բոլոր միջնորդներին։
Ուկրաինայի նախագահի հետ համակարծիք է նաեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ըստ նրա՝ բանակցություններում ուկրաինական կողմը շարունակ փոխում է իր դիրքորոշումը, հրաժարվում նախկինում արած սեփական առաջարկներից։
«Մենք արեւմտյան երկրների միջնորդական ջանքերին էլ դեմ չենք, սակայն հստակ կարմիր գծեր կան, որոնց մասին երկար տարիներ խոսում ենք»,- ընդգծել է նախարարը։ Նա հավելել է, որ Ռուսաստանն Ուկրաինայից պահանջելու է չեղարկել հակառուսական օրենքները։
Լավրովն անդրադարձել է նաեւ Ռուսաստան-Արեւմուտք հետագա գործակցության հնարավորությանը։ Նա նշել է, որ Մոսկվան այլեւս երբեք չպետք է կախում ունենա արտասահմանյան մատակարարումներից, սակայն պատրաստ է գործակցելու, եթե Արեւմուտքը նման ցանկություն հայտնի։ «Ռուսաստանը կուժեղանա Եվրասիական տնտեսական միության, Շանհայի համագործակցության կազմակերպության եւ այլ մեխանիզմների օգնությամբ»,- հավելել է նա։
Լավրովը զգուշացրել է, որ եթե ՆԱՏՕ-ն խաղաղապահ զորամիավորում ուղարկի Ուկրաինա, դա կհանգեցնի Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Ռուսաստանի զինված ուժերի միջեւ ուղիղ բախման։ ՌԴ արտգործնախարարը նշել է, որ այն, ինչ այժմ տեղի է ունենում աշխարհում, այնքան էլ Ուկրաինային չի առնչվում, դա ԱՄՆ-ի կողմից նոր աշխարհակարգ ստեղծելու եւ միաբեւեռ աշխարհը վերադարձնելու փորձ է: