Ամերիկյան Bloobmerg գործակալությունը հայտնել է, որ Անատոլի Չուբայսը, որը վերջին տարիներին Վլադիմիր Պուտինի ներկայացուցիչն էր կայուն զարգացման եւ կլիմայի հարցերով միջազգային կազմակերպություններում, հրաժարական է տվել այդ պաշտոնից եւ լքել Ռուսաստանը։ «Կոմերսանտ» պարբերականի տվյալներով՝ Չուբայսը իր կնոջ հետ Ստամբուլում է:
«Ռոսնանո» պետական կորպորացիայի նախկին ղեկավար, ՌԴ նախկին փոխվարչապետ Չուբայսը հրաժարականով իր անհամաձայնությունն է հայտնել Ուկրաինա ռուսական ներխուժման կապակցությամբ:
«Ռուսաստանի ապագայի մասին մեր քննարկումներում ես միշտ չէ, որ համաձայն էի Գայդարի հետ։ Բայց թվում է՝ նա ինձնից լավ էր հասկանում ռազմավարական ռիսկերը, եւ ես սխալվեցի»,- նախկին վարչապետ Եգոր Գայդարի հիշատակին նվիրված ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Անատոլի Չուբայսը: Շատերն այս գրառումը կապել են պատերազմի հարցում նրա անհամաձայնության հետ:
66-ամյա Չուբայսը 1990-ականների սկզբին ռուսական ձեռնարկությունների սեփականաշնորհման առանցքային դեմքերից եւ գաղափարախոսներից էր: Բորիս Ելցինի վարչակազմի նախկին ղեկավար Վալենտին Յումաշեւը պնդում է, որ 1997-ին հենց Չուբայսի գլխում է ծագել Վլադիմիր Պուտինին վարչակազմում աշխատանքի տեղավորելու միտքը, որից հետո Պուտինը Սանկտ Պետերբուրգից տեղափոխվել է Մոսկվա։
Մեկ տարի անց Ելցինը Պուտինին նշանակեց Դաշնային անվտանգության ծառայության ղեկավար, ապա՝ Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ դրանից հետո՝ վարչապետ։ Այս պաշտոնում Պուտինը նախագահի պաշտոնակատար դարձավ Ելցինի հրաժարականից հետո։