Ժամանակակից աշխարհում հաշմանդամություն ունեցող մարդկանց հաճախ կարելի է հանդիպել տրանսպորտում, մետրոյում, ինքնաթիռում, ավտոմեքենայի ղեկին: Զարգացած տեխնոլոգիաները թույլ են տալիս հատուկ կարիքներ ունեցող անձանց ապրել լիարժեք կյանքով ու չդանդաղեցնել կյանքի ռիթմը:
Սակայն Հայաստանում այս մարդիկ դեռեւս շարունակում են պայքարել մի շարք խնդիրների ու դժվարությունների դեմ: «Ալիք Մեդիայի» հետ զրույցում հաշմանդամություն ունեցող մեր հերոսները պատմում են, թե ինչպիսի խոչընդոտներ են հաղթահարում ընդամենը տնից համալսարան կամ աշխատանքի հասնելու համար: Շատերի համար դա առօրյա է, իսկ մյուսները ստիպված են տանը մնալ՝ քաղաքային տրանսպորտի ու փողոցների անմատչելիության պատճառով:
Երեւանի ավագանու անդամ, տիֆլոմանկավարժ Սիփան Ասատրյանը հիշում է, թե ինչպես էր տարիներ առաջ խուսափում քաղաքում քայլելուց ու պատճառաբանում՝ Երեւանն անմատչելի է. «Մի անգամ հանդիպեցի տեսողության խնդիրներ ունեցող զբոսաշրջիկների, որոնք ասացին, որ տեղաշարժվել են Երեւանից էլ ավելի անհարմար քաղաքներում, եւ դա ինձ ոգեշնչեց: Վերջին տասը տարին ես քայլում եմ քաղաքում միայնակ: Եվրոպացի մասնագետներն են ինձ սովորեցրել ինչպես կողմնորոշվել տարածքում: Այո՛, մատչելիության բաղադրիչները շատ կարեւոր են: Համայնքը, պետությունն ու հասարակությունը պետք է մտածեն դրանք ստեղծելու մասին, բայց անգամ այդ պայմանների բացակայությունը չպետք է խանգարող հանգամանք լինի լիարժեք կյանքով ապրելու համար»:
Սիփանը նկատում է, որ Հայաստանում հանրային տրանսպորտի միայն մի մասն է հարմարեցված հաշմանդամություն ունեցող մարդկանց, սակայն վերջերս ներկրված ավտոբուսներն իսկապես մատչելի են: Դրանք ունեն թե՛ թեքահարթակ, թե՛ Բրայլի համակարգով մակնշում «Ստոպ» կոճակի վրա, թե՛ ձայնային համակարգ:
Ասատրյանը նաեւ առանձնացնում է մի կարեւոր խնդիր՝ վարորդների վերաբերմունքը հաշմանդամություն ունեցողների նկատմամբ. «Ես մշտապես բարձրաձայնում եմ այդ մասին ավագանու նիստերի ժամանակ: Վարորդներին այդ հարցով կրթելու կարիք ունենք, որովհետեւ շատ դեպքում նրանք ավելորդ պարտականություն են համարում իջնել կանգառում եւ թեքահարթակը հանել անվասայլակով մարդկանց համար»:
Տեղաշարժման միջոցներից կարեւոր է նաեւ մետրոն, որն այս պահին չունի մատչելիության ոչ մի բաղադրիչ:
Բայց վերջերս կառավարությունը հրապարակեց հասարակական նշանակության 20 շենք-շինության ցանկ, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց համար կդառնան ավելի մատչելի: Այդ ցանկում ներառված էր նաեւ մետրոն:
Երեւանի քաղաքապետարանն ավելի վաղ նախատեսում էր մետրոն հարմարավետ դարձնել տեսողության խնդիրներ ունեցողների համար, սակայն համավարակն ու պատերազմը խանգարեցին այդ ծրագրի իրականացմանը:
Հայաստանում նաեւ չկան տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված տաքսի ծառայություններ: Նման մեքենաներն այստեղ հիմնականում գործում են ժամավճարով: Սա ստիպում է հատուկ կարիքներ ունեցող մարդկանց մնալ տանը: Անգամ այն երկրներում, որտեղ կա հարյուր տոկոսով հարմարեցված քաղաքային տրանսպորտ, գործում են սոցիալական տաքսիներ:
Սիփանն իր օրինակով ցանկանում է ապացուցել, որ քաղաքի անմատչելիությունը չպետք է խանգարի լիարժեք կյանքով ապրելուն:
Հենց նրա շնորհիվ, «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության իրականացրած ծրագրի շրջանակում, մեր հաջորդ հերոսը՝ ուսանող Վահանը, սովորեց կողմնորոշվել տարածքում եւ հիմա հանգիստ շրջում է միայնակ: Ունենալով տեսողության խնդիր՝ նա նախկինում ընդհանրապես դուրս չէր գալիս տնից առանց ուղեկցողի, սակայն այսօր հանգիստ կարողանում է տեղաշարժվել՝ ամեն օր Էջմիածնից գալով Երեւան:
Վահանն ասում է, որ Երեւանում փողոցները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց:
Օրինակ՝ փողոցներում բացակայում են տակտիլ սալիկները (հատուկ մակերեսով սալիկներ, որոնք մարդուն հասցնում են խաչմերուկ): Չկան նաեւ ձայնային լուսակիրներ, ինչը նույնպես մեծ խնդիր է: Էջմիածնում դրանք ընդհանրապես բացակայում են:
«Խնդիր է նաեւ, երբ տաքսիները կայանում են ավտոբուսների համար նախատեսված վայրերում, ու տրասնպորտը ստիպված կանգնում է երկրորդ շարքում, ինչն էլ ավելի է դժվարացնում հաշմանդամություն ունեցողների գործը»,- ասում է Վահանն ու կարեւորում հասարակության իրազեկվածությունն ու կրթվածությունը, ինչը կօգնի էլ ավելի հեշտացնելու հատուկ կարիքներով մարդկանց կյանքը:
«Մեր հասարակությունն իրականում բավականին զգայուն եւ հոգատար է: Սակայն այստեղ արդեն առաջ է գալիս ճիշտ օգնություն ցուցաբերելու հարցը: Մի անգամ ընկերոջս հետ մետրոյում ուզում էի ստուգել՝ որքան է իմ կանգնած տեղի եւ գծերի միջեւ հեռավորությունը, եւ աշխատակիցները բղավելով, վազելով արձագանքեցին՝ վախենալով, թե կընկնեմ: Կամ երբ փողոցում մարդու եմ սպասում, կարծում են՝ պարզապես չեմ կարողանում ինչ-որ տեղ գնալ»,- ժպիտով հիշում է Վահանը:
Վերջում ասենք, որ չնայած Երեւանում տրանսպորտի եւ երթեւեկության օրեցօր գրանցվող նորանոր հաջողություններին՝ միեւնույնն է, մարզերում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար տեղաշարժվելը դեռեւս կարեւոր խնդիր է: