Մտավորականին պետք է տարանջատել գրողից, փիլիսոփայից, գիտնականից, հետազոտողից, մաթեմատիկոսից, երգչից, խմբավարից: Նրանք ոչ թե մտավորական չեն, այլ կարող են լինել նաեւ մտավորական:
Հասարակ գյուղացին կարող է մտավորական լինել, հանճարեղ գրողը՝ ոչ: Ոչ թե որ հանճարեղ գրողը թքած ունի, այլ որ «այս աշխարհից չէ»: Հանճարեղ գրողը կարող է այդպես էլ «չիջնել» այս մոլորակ: Հանճարեղ գրողը կարող է անգամ հայտարարել, որ ոչ մի ցանկություն չունի լինելու մտավորական։ Անխտիր բոլոր հակաուտոպիստները մտավորական էին:
Հոգու խորքում մտավորականը մի հոգի չէ, նկարիչը մի հոգի է: Մտավորականը այն մարդն է, որն իր ինտելեկտուալ հետազոտության մեջ նկատի ունի պետության մարդասիրական տեսլականը: «Անլռելի զանգակատան» կամ «Մարդ էլ կա, մարդ էլ» ստեղծագործությունների հեղինակ Պարույր Սեւակը մտավորական է: Իսկ Գաբրիել Գարսիա Մարկեսը մտավորական չէ, նա շատ ուղիղ է ասում՝ ես գրում եմ, որ ինձ սիրեն: Մարկեսն, իհարկե, չափազանց կարեւորում էր պետության բարեկեցությունը եւ այդ իմաստով մտավորական էր, ամենուր ներկայացնում էր Կոլումբիան, մարդը նրա թեման էր, ճնշվածներն՝ առավել եւս, բայց գրող Մարկեսը սեր էր ուզում:
Դմիտրի Շոստակովիչը մտավորական էր, երբ բլոկադայի մեջ գտնվող Լենինգրադում ներկայացնում էր 7-րդ սիմֆոնիան: Մտավորականը հասարակական խիղճ է, ու պարտադիր չէ, որ նա լինի արվեստագետ, գիտնական: Մտավորականը զուգահեռ կոչում է «Աստծուց», որովհետեւ բնությամբ չի կարող լռել հասարակական անարդարությունների մասին:
Իոսիֆ Բրոդսկին մտավորական չէր ԽՍՀՄ-ում, նա մտավորական դարձավ ԱՄՆ-ում, ԽՍՀՄ-ում նա ոչ մեկի հետ կռիվ չուներ, այդ կռիվն ունեին Սոլժենիցինը, Սախարովը, Դովլաթովը:
40-ամյակին նվիրված բանաստեղծության մեջ Բրոդսկին վերջնականապես «կոչ» է անում իրենից մտավորական չսպասելու, նա իրեն տարանջատում է Սախարովից ու Սոլժենիցինից: Նրա թեման ինքն է, իր տառապանքները: Նրա «Նամակներ հռոմեացի բարեկամին» փոքրիկ պոեմը բոլորին կարող է առիթ տալ մտածելու բռնապետության եւ նրա բարքերի մասին, այն գրվել է Բրոդսկու էմիգրացիայից անմիջապես առաջ, բայց հազիվ թե դա ռուս բանաստեղծի ընկերներից որեւէ մեկի ձեռքն ընկել է մինչեւ նրա ԽՍՀՄ-ից հեռանալը։ Թերեւս սա է գրողի անուղղակի մասնակցությունը իշխանության, մարդու անկման արձանագրմանը՝ խոսել ձեռագրով: Բայց Բրոդսկու խնդիրը հասարակության հետ նախ էսթետիկ էր: Բրոդսկին իրեն չէր համարում «հանրության մտավոր առաջընթացի շարժիչ ուժ եւ ուղիղ պարտավորություն [չուներ ասելու-Մ․Ա․] ճշմարտությունն ու մերկացնելու պետությունների՝ քաղաքացիներին խաբելու արդեն իսկ սովորական դարձած պրակտիկան» (Կարպիս Փաշոյան)։
Բրոդսկին ինտելեկտուալ ձայն էր, բայց ո՛չ հասարակական։ Բրոդսկին ԽՍՀՄ պետության հլու-հնազանդ աղախին չէր, բայց նրա հակառակորդն էլ չէր, նա «Սոլժենիցին-ԽՍՀՄ» կռվից դուրս էր, հանդիսական էլ չէր։ Որեւէ ատամնաբույժ ավելի մասնակից կարող էր լինել այդ կռվին։ Մյուս կողմից՝ ատամնաբույժը գուցե չափազանց բարեխիղճ է իր հիվանդների հետ աշխատելիս, բայց բացառված չէ, որ թքած ունի նրանցից յուրաքանչյուրի առանձին վերցրած բոլոր խնդիրների վրա:
Ավետիք Իսահակյանի հետ զրույցում Լեոն ժողովրդին տարանջատում է մտավորականից՝ ասելով՝ մտավորականներս ենք մեղավոր, որ «այնպես հիմար եղանք, տգետ, որ հավատացինք շահամոլ, դրամատիրական-բուրժուական Եվրոպային, որի համար գաղութների ոչխարների կյանքը ավելի արժեք ունի, քան հայերը, քան փոքր ճնշված ազգերը»։
Վերջերս առաջին նախագահը հիշեց բանաստեղծի եւ պատմաբանի այս զրույցը՝ սթափեցնելու համար մտավորականներին՝ չի կարելի ուրիշի (ռուսի, ամերիկացու, եվրոպացու) անունից հույսերով կերակրել սեփական ժողովրդին։ 1996-ի օգոստոսին Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ մտավորականը չպետք է վհատվի կամ վհատեցնի սեփական ժողովրդին։ Մտավորականը պետք է չափի-կշռի հույսը, որով կերակրում է ժողովրդին։
Դեռեւս այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտավորականի մեծ ընտրություն չուներ, նա հենց փոքրամասնությանն էր կոչ անում չլինելու վհատվող, վհատեցնող կամ լինելու վերջին վհատվողը։ Այն ժամանակ առաջին նախագահի խոսքը համոզիչ չէր ընդամենը 2 տարի առաջ պատերազմ հաղթած ժողովրդի եւ «լայն մտավորականության» համար, նրանք Կինոյի տանը այլ տեսլականներ էին գծում: Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսում է իր մասին։ Նրա իրականությունում վհատվելն «Աստծուց» էր, որովհետեւ երկրի վրա գրեթե չկար մեկը, որը գոտեպնդեր ժողովրդին ու լիներ հասկացված:
Բայց ինքնին «մտավորական» հասկացությունը փոքրիկ պարզաբանման կարիք ունի։ Այն տոտալիտար հասարակարգի հասկացություն է, ազատ հասարակություններում մտավորականներ չկան, քանի որ խղճի գլխավոր երաշխիքը՝ ազատությունը, մարդն արդեն ունի:
Մտավորականը նա է, որի գլխում աշխատում է ընտրությունը՝ ի տարբերություն նրանց, որոնք ընտրություն չունեն կամ գաղափար չունեն ընտրության մասին։
Տեր-Պետրոսյանի իրականությունում մտավորականն ազատված չէր տոտալիտարիզմից, ինքը փնտրում էր կամ կուզեր գտնել իշխանության համակրանքը․ եթե այն չկար, նա այդ համակրանքը կփնտրեր «ուժային այլ բեւեռում», այսինքն՝ այլ կուսակցությունում։ Նա չէր ընտրում իր համակրանքը, նա հոտառությամբ գնում էր խնամարկյալի մոտ։ Բայց մտավորականը չի կարող լինել կոնֆորմիստ: Տեր-Պետրոսյանի իրականությունում կոնֆորմիստ էին արվեստագետների ու գիտնականների մոտ 90 տոկոսը, նրանք մտավորականներ չէին, որովհետեւ ժողովրդից ոչ մեկը նրանցով չէր ընտրում Քոչարյանին, թեպետ նրանք քարոզում էին «ի սեր» Քոչարյանի:
Կոնֆորմիզմը այն «ապրանքն» է, որը գնում ես «խոսքով»։ 1998-ին «մտավորականն» արդեն բաց վաճառքի էր դրել այդ խոսքը։ Ինչո՞ւ։ Որովհետեւ առել էր տոտալիտարիզմի վերադարձի հոտը։ Ազատ հասարակությունում մտավորականը կարող է լինել մարտահրավերի խոսնակ, ասենք՝ պատերազմի կամ ներքաղաքական աղետի ժամանակ։ Նա ունի «երկրորդ» ձայն, որը կարող է խոսել նույնիսկ, եթե «առաջին» ձայնը պարտադրում է լռել։ Կարճ ասած՝ «մտավորականը պետք է լինի վերջին վհատվողը»։
Կոնֆորմիզմը սկսվում է վհատվելուց: Ահա թե որ պահից է սկսվում ինքնադավաճանությունը: Մտավորականը ծնվում է ինչպես Կաֆկայի միջատը, նրան իրականություն է պետք այդպիսին լինելու համար, նրան պետք է պոռթկումի դաշտ: Գրողը կարող է լինել համր, կույր, նա կարող է նույնիսկ չգրել, բայց լինել գրող, մտավորականը չի կարող չխոսել, նույնիսկ եթե համր է, նրա ներկայությունը պետք է «ճչա» վտանգը:
Գրողի իրականությունը կարող է լինել հարեւան մոլորակներից, մտավորականի իրականությունը միայն այս կյանքն է: Արվեստագետը կարող է հասկանալի չլինել, մտավորականը միշտ հասկանալի է, մտավորականն իրավունք չունի լռելու ի տարբերություն գրողի, որն այդպես էլ գուցե ստեղծագործական «նիրվանայից» դուրս չգա:
ԽՍՀՄ-ը գիտնականից, գրողից, արվեստագետից սարքում էր «մտավորական», նրանք պետք է հասարակությանը բան ասեին, մտավորականը մինչդեռ սկսվում է իր ներքին էթիկական ու էսթետիկական սահմանումներից: Դրանք հետո կարող են դառնալ պետական մարդասիրության ատրիբուտներ, բայց պետությունը նրան չի կարող պարտադրել բան ասել:
Հենց այդ պատճառով հայտնի հոլովակներում Հրանտ Թոխատյանը եւ Ալբերտ Ազարյանը չեն դիմանում եւ հայհոյում են իշխանությանը, որը նրանց պարտադրել էր «բան ասել»: Հենց այդ պատճառով իմ խորին համոզմամբ այսօր եւ երեկ մտավորականությունը ինտելեկտուալ դավաճանություն չի գործել՝ «չասելով ճշմարտությունը եւ դառնալով պետության ռազմահայրենասիրական քարոզչության զինվորը» (Կարպիս Փաշոյան)։ Նա ինտելեկտուալ դավաճանություն չի գործել, որովհետեւ այդ մտավորականը կա՛մ չի խոսել, կա՛մ չի եղել համոզիչ։
Մտավորականին ամբողջ երկու տասնամյակ փոխարինել են քարոզչությունն ու պրոպագանդան, այսինքն՝ իշխանության խոսքը, որը հնչեցրել է նաեւ այդ «մտավորականը»՝ մի ամբողջ ԳԱԱ, ստեղծագործական միություններ եւ այլն։
Վերջին վհատվողը համոզիչ չի եղել 1996-ին, իսկ նա, ով պետք է կոչվեր մտավորական, ով ստորագրում էր դիմում՝ «ուղղված միջազգային հանրությանը, Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաեւ ՀՀ գործադիր եւ օրենսդիր իշխանություններին՝ կոչ անելով «անհապաղ» քայլեր ձեռնարկելու ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը վերսկսելու եւ Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքները դեօկուպացնելու, հայրենազրկված քաղաքացիներին իրենց բնակավայրերը վերադարձնելու համար», գնում է այն ճանապարհով, որից, Տեր-Պետրոսյանի վկայակոչմամբ, արդեն սարսափում էր Լեոն։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: