ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ուկրաինայի վերաբերյալ Մոսկվայի նախագիծը, որով կոչ է արվում դադարեցնելու կրակը խաղաղ քաղաքացիների տարհանման համար։ Նման պայմանավորվածություն էր ձեռք բերվել բանակցությունների հիման վրա, սակայն կրակի դադարեցման փաստաթուղթը չի հավաքել անհրաժեշտ 9 կողմ ձայները (15 ձայնից):
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան քննադատել է Ռուսաստանի նախաձեռնած մարդասիրական բանաձեւի մերժումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Ըստ նրա՝ մերժման հետեւանքով Ուկրաինայի իշխանությունները հետագայում եւս մարդկանց կօգտագործեն որպես կենդանի վահան, ծանր զինատեսակներ կտեղակայեն քաղաքացիական ենթակառուցվածքների մոտ:
ՌԴ առաջարկած բանաձեւը Ռուսաստանից բացի պաշտպանել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ Չինաստանը։ ՄԱԿ-ի ԱԽ մյուս անդամները ձեռնպահ են մնացել։ Բանաձեւի համահեղինակների թվում են Բելառուսը, Հյուսիսային Կորեան եւ Սիրիան:
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն էլ հայտարարել է, որ ուկրաինացիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նման բանաձեւ ընդունելու անհրաժեշտություն չկա:
«Հումանիտար օգնություն ցուցաբերելու համար այդ կեղծ բանաձեւը մեզ պետք չէ։ ԱՄՆ-ն ուկրաինացի ժողովրդին ավելի քան 600 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրել եւ կշարունակի տրամադրել այնքան, որքան անհրաժեշտ կլինի Ուկրաինային եւ ուկրաինացիներին իրենց մոտ ընդունող երկրներին»,– շեշտել է Թոմաս-Գրինֆիլդը։