Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ Մեծ Բրիտանիան մարտի 24-ին պատժամիջոցներ է սահմանել 33 ֆիզիկական եւ 26 իրավաբանական ռուսաստանցիների նկատմամբ։ Ցանկում ընդգրկվել են նաեւ «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը, ինչպես նաեւ «Գազպրոմբանկն» ու «Ալֆա բանկը»:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆի, «Սբերբանկի» նախկին առաջին փոխնախագահ Լեւ Հասիսի, TCS Group-ի հիմնադիր Օլեգ Տինկովի, պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովի, «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւի նկատմամբ:
Պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաեւ «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Օլեգ Ակսյուտինը, «Ռոսնեֆտի» առաջին փոխնախագահ Դիդյե Կասիմիրոն, «Ռոսնեֆտի» նավթագազային եւ օֆշորային բիզնեսի զարգացման գծով նախագահ Զելկո Ռունյեն, գործարար Եվգենի Շվիդլերը, Մելիտոպոլի քաղաքապետի պաշտոնակատար Գալինա Դանիլչենկոն եւ ՌԴ արտգործնախարարի զարմուհին` Պոլինա Կովալեւին:
Պատժամիջոցները ենթադրում են Բրիտանիայում ակտիվների սառեցում եւ երկիր մուտքի արգելք: