Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտնել է, որ ՌԴ-ն ու Իրանն աշխատում են, SWIFT միջբանկային վճարումների փոխանցման միջազգային համակարգը շրջանցելով, ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգերի միավորման ուղղությամբ:
Ավելի վաղ Եվրամիությունը որոշում էր ընդունել ռուսական յոթ բանկ անջատել SWIFT-ից: Այդ ցանկում ներառված են ՎՏԲ-ն, «Ռոսիան», «Օտկրիտիեն», «Նովիկոմբանկը», «Պրոմսվյազբանկը», «Սովկոմբանկը» ու ՎԷԲ․ՌՖ-ն: Այս քայլը Ուկրաինայում «հատուկ գործողության» համար որպես պատժամիջոց է սահմանվել ՌԴ-ի նկատմամբ:
«Այս ուղղությամբ մենք ջանքեր ենք գործադրում, որ ապագայում այս ոլորտում լավ միջոցառումներ անցկացնենք»,- ասել է Ջալալին:
Ռուսաստանի բանկի ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգը ստեղծվել է ի պատասխան SWIFT-ից ռուսական բանկերի հնարավոր անջատման ռիսկերի։
Տեղեկանք
1973-ին Բրյուսելում հիմնադրված Society for Worldwide Interbank Financial Telecommunication-ը (SWIFT) տեղեկությունների փոխանցման ու վճարումների կատարման միջազգային միջբանկային համակարգ է, որին միացված են աշխարհի գրեթե բոլոր երկրներում ավելի քան 11 հազար խոշոր կազմակերպություններ:
Կառույցը ֆինանսական հաղորդագրությունները փոխանցում է բացարձակ անվտանգ, թեեւ իր անդամների համար չունի հաշվեհամարներ եւ չի կատարում որեւէ հաշվարկ կամ քլիրինգ (բանկային անկանխիկ հաշվարկների համակարգ` փոխադարձ պահանջների եւ պարտավորությունների հաշվառման ճանապարհով)։ Միջազգային միջբանկային հաղորդագրությունների մեծամասնությունն օգտագործում է SWIFT ցանցը։