Google ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ YouTube-ը չի արգելափակում ռուսական ոչ լրատվական բովանդակությունը, հարթակում թույլատրվում են ժամանցային եւ պատմական բովանդակությամբ ալիքներ, ֆիլմեր եւ երաժշտություն։
«Ավելի վաղ ամբողջ աշխարհում արգելափակվել էին ռուսական պետական լրատվամիջոցներին առնչվող YouTube-յան ալիքները: Միեւնույն ժամանակ հարթակում թույլատրվում են այն ալիքները, որոնք հրապարակում են ոչ լրատվական բովանդակություն, ինչպիսիք են ռուսական ժամանցային շոուները, պատմական անդրադարձենրը, ֆիլմերը, մուլտֆիլմերն ու երաժշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։
YouTube ծառայությունը մարտի 13-ին արգելափակել էր ՌԴ Հեռուստատեսության եւ ռադիոյի պետական հիմնադրամի ալիքները։ Ավելի ուշ «Ռոսկոմնադզոր»-ը Google-ից պահանջել էր անհապաղ վերականգնել մուտքը դեպի իրենց ալիք։
Մարտի 24-ին YouTube-ը վերականգնել է «Սովետական հեռուստաընկերություն եւ ռադիո» ալիքի հասանելիությունը։