Wall Street Journal-ի հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտնել է, որ Անկարան ԱՄՆ-ից պահանջում է առանց որեւէ նախապայմանի իրեն մատակարարել F-35 ինքնաթիռներ եւ Patriot համակարգեր։
«Արեւմուտքը նախ պետք է մատակարարի F-35 եւ Patriot համակարգեր՝ առանց նախապայմանների, հետո միայն Անկարային խնդրի C-400-ներ տեղակայել Ուկրաինայում»,- ասել է Ալթունը։
Վաշինգտոնն Անկարային ավելի վաղ առաջարկել է ռուսական արտադրության С-400 ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային՝ Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ամերիկյան ծրագրի մեջ կրկին ներառելու եւ Անկարայի նկատմամբ կիրառված պատժամիջոցները չեղարկելու դիմաց։
Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունների վերականգնման համար պետք է քայլեր ձեռնարկվեն վստահության ամրապնդման ուղղությամբ:
«Թուրքիան մինչ օրս հիշում է՝ ինչպես էին որոշ դաշնակիցներ մեր երկրից դուրս բերում Patriot զենիթահրթիռային համակարգերը թուրք-ռուսական հարաբերություններում լարվածության պայմաններում»,- ընդգծել է թուրք պաշտոնյան:
Թուրքական Milliyet պարբերականը նախօրեին հայտնել էր, որ Բրյուսելում մարտի 24-ին ՆԱՏՕ անդամ երկրների ղեկավարների արտակարգ գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ առանձին հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը բարձրացնելու է 40 նոր ինքնաթիռների գնման եւ առկա F-16-երի արդիականացման իրենց պահանջի շուտափույթ իրականացման հարցը։