Հայ առաքելական եկեղեցին հանդես է եկել հայտարարությամբ, որով հորդորում է Գագիկ Ծառուկյանին զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված ժողովի ժամանակ Գերագույն հոգեւոր խորհուրդը որոշել է, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։
«Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին»,- ասվում է հայտարարության մեջ։
Փոխարենը Մայր աթոռն ընդունելի է համարում մեր փրկիչ Տիրոջ հարթաքանդակի կառուցումը «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:
Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման գաղափարին անդրադարձել էր նաեւ առաջին նախագահը: Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի` Հայոց եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհուրդը պետք է կտրականապես մերժեր այդ գաղափարը, քանի որ այն հակասում է Հայոց եկեղեցու 1700-ամյա պատմության սրբագործված ավանդույթին։
Հիսուսի՝ առանց պատվանդանի, 33 մետր բարձրության արձանը Հայաստանում տեղադրելու մասին Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել, որ նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում։