Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան կոչ է արել շուտափույթ կարգավորելու Արցախում գազամատակարարման խնդիրը եւ հավելել, որ Մոսկվան շփումների մեջ է երկու կողմի հետ։
Զախարովան նշել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվում Ռուսաստանի պաշտպանության եւ էներգետիկայի նախարարությունների, ինչպես նաեւ «Գազպրոմ»-ի գծով։
«Չի կարելի սրել առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը, հասարակ մարդիկ չպետք է տուժեն»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը։
Անդրադառնալով Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ շփման գիծը խախտելու փաստին՝ Զախարովան նշել է, որ դա պետք է գնահատեն այնտեղ գտնվող խաղաղապահ ուժերը։
Միեւնույն ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ կողմերից ոչ մեկն իր գործողությունով չպետք է խորացնի առանց այդ էլ լարված իրավիճակը։
Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունն իրավիճակի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն դեռ չի տարածել։