Գարունը բացվել է, «խոպանի» շրջանը՝ նույնպես։ Շիրակի մարզի գյուղերում այս օրերին, որպես կանոն, տղամարդիկ վաղուց ճամպրուկները հավաքած ու Ռուսաստան մեկնած պետք է լինեին։ Բայց չեն գնացել, գնացողներն էլ փոշմանել են։ Ռուբլու փոխարժեքով պայմանավորված՝ տուն հասնող գումարն ուղիղ կես է եղել, նոր աշխատանքային պայմանները՝ խստացվել, բանկային փոխանցումների վրա էլ սահմանափակում է դրվել։
Ինչ անեն Ռուսաստանում աշխատանք փնտրողները, ինչպես վարվեն, որ օդանավակայանից ամենաանցակալի՝ «դեպորտ» արտահայտությունը չլսեն: Այս եւ բազմաթիվ այլ միգրացիոն հարցեր քննարկվեցին Շիրակի մարզի Ազատան եւ Սարատակ գյուղերի՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնող աշխատանքային միգրանտների հետ։ Խորհրդատվական հանդիպումը տեղի ունեցավ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ «Ղրղզստանում, Հայաստանում եւ Ռուսաստանում գործընկերության ամրապնդման միջոցով աշխատանքային միգրանտների պաշտպանության խթանում» ծրագրի միգրացիոն փորձագետ Տաթեւիկ Բեժանյանի եւ ծրագրի ՌԴ գործընկեր «Թոնգ Ջահոնի» կազմակերպության նախագահ Վալենտինա Չուպիկի հետ։
Փորձագետները հանգամանորեն ներկայացրին ՌԴ միգրացիոն օրենսդրության վերջին փոփոխությունները, դրանց ազդեցությունը միգրանտների ու նրանց ընտանիքների վրա։
Ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանն ասում է՝ նոր օրենքով միգրանտները պարտավոր են ափահետք հանձնել եւ լիարժեք բուժզննում անցնել ընդամենը 30 օրվա ընթացքում։ Եթե չհասցնեն, ժամանակավոր գրանցումը չեղարկվում է, որի պատճառով 5 տարով կարող են զրկվել մուտքի հնարավորությունից։ «Բացի այդ՝ միգրանտներին այլեւս ձեռնտու չէ ընտանիքով գնալ Ռուսաստան աշխատելու, քանի որ պետք է փաստաթղթով եկամտի չափ ներկայացնել, հիմնավորել, որ այդ գումարը հերիք է ընտանիք պահելու համար,- ասում է Բեժանյանն ու վստահություն հայտնում, որ արված է ամեն ինչ, որ արտագնա աշխատանքի մեկնելն անհնարին դառնա։
«Թոնգ Ջահոնի» կազմակերպության նախագահ Վալենտինա Չուպիկն էլ ներկայացնում է իրավիճակներ, որոնց կարող է բախվել ցանկացած միգրանտ։ «Գործատուներն ասում են՝ դիմում գրեք, ձեւական ազատվեք աշխատանքից, բայց առանց պայմանագրի կշարունակեք աշխատել։ Խիստ հավանական է, որ դուք չեք ստանա գումար։ Կարող են նաեւ առաջարկել, որ քիչ գումարի տակ ստորագրելով՝ շատ աշխատավարձ կստանաք, մի՛ արեք, քանի որ կստանաք այնքան, որքան գործատուի սիրտը կուզի»,- ասաց Վալենտինա Չուփիկը։
Անկախ դժվարություններից՝ արտագնա աշխատողները եւս մեկ անգամ ասացին, որ ՌԴ չմեկնել չեն կարող։ «Ի՞նչ անենք այստեղ, ինչո՞վ ընտանիք պահենք։ Հողագործությունը դարձրին անարդյունավետ աշխատանք։ Թեկուզ այս պայմաններով, բայց գնալու ենք, այլընտրանք չունենք»,- ասացին միգրանտները։
Որպեսզի աշխատանքային միգրանտը «խոպան» չգնա, այլ բիզնես սկսի սեփական երկրում, հանդիպման կազմակերպիչները ԵՄ-ի հետ համատեղ ծրագիր են իրականացնում․ այս պահին ԵՄ աջակցությամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հետ համատեղ ծրագիրն ընթացքի մեջ է։ Սկսնակ ձեռնարկատերերին տրամադրվում է բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա եւ ֆինանսավորում դրամաշնորհների եւ փոխառությունների միջոցով:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։