Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը մարտի 24-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Ադրբեջանի միջանկյալ հրատապ միջոց կիրառելու պահանջով։
«Եվրոպական դատարանից պահանջվել է միջանկյալ հրատապ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի եւ պարտավորեցնել դադարեցնել սպառնալիքները, կրակահերթերը եւ վերականգնել բնական գազի մատակարարումը»,– նշված է ներկայացուցչի տարածած հաղորդագրության մեջ։
Որոշակի ապացույցներով ամրագրված` փետրվարից Արցախի Խրամորթ գյուղի մոտակայքում տեղակայված ադրբեջանական ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ պարբերաբար հնչեցվող սպառնալիքների, իրենց տները լքելու եւ տարածքից հեռանալու մասին փաստեր են ներկայացվել։
Ներկայացվել են նաեւ մարտին ադրբեջանական կողմից Արցախի խաղաղ բնակչության, նաեւ դպրոցների ուղղությամբ անկանոն կրակահերթերի արձակման, Արցախ բնական գազ մատակարարող հիմնական խողովակի վնասման դեպքերը։
Հայաստանի Հանրապետությունը դիմել է նաեւ Արդարադատության միջազգային դատարան՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի թույլ տված խախտումների վրա ու ներկայացնելով վերոհիշյալ փաստերը։