Ըստ գերմանական Die Welt («Աշխարհ») պարբերականի՝ Եվրահանձնաժողովը մտադիր է Եվրամիության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի հայտերի քննարկումը ձեռնարկել արագացված գործընթացի շրջանակում:
ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի հայտ ներկայացրած երկրներին մի քանի շաբաթ անց համապատասխան հարցեր կուղարկվեն։ Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ թեեւ խոսքն արագացված գործընթացի մասին է, այն, ամենայն հավանականությամբ, շատ երկար կտեւի, իսկ ելքն էլ դեռ պարզ չէ:
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինան ցանկանում է՝ Եվրամիությանն անդամակցելու իր հայտը դիտարկվի Վրաստանից եւ Մոլդովայից առանձին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԵՄ-ին անդամակցելու հայտ է ստորագրել փետրվարի 28-ին: Հաջորդ օրը Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու մասին բանաձեւին։ Մոլդովան եւ Վրաստանը նման հայտեր են ներկայացրել մարտի 3-ին։