Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ծանոթացել է մարտի 25-ին Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետեւանքով վիրավորված անձանց առողջական վիճակին։
ՄԻՊ-ի հաղորդմամբ՝ այս պահին ճշտված տեղեկություններով 14 անձ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նրանցից 10-ի վիճակը բժիշկները գնահատում են թեթեւ, 1-ի վիճակը՝ միջին ծանրության, 1-ինը՝ ծանր, 2-ինը՝ ծայրահեղ ծանր։
Ըստ Արցախի պաշտպանի՝ վիրավորների հետ առանձնազրույցներից պարզվել է, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերն արձանագրվել են Ադրբեջանի զինուժի՝ անօդաչու թռչող սարքերի կիրառման հետեւանքով։
Ստեփանյանը նշել է, որ հրադադարի պայմաններում զինվորական անձնակազմի նկատմամբ նման գործողությունները եւս պետք է դիտարկել որպես հանցագործություն եւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում:
Վիրավորների հետ առանձնազրույցներից ՄԻՊ-ը պարզել է, որ նրանցից ոմանց հակառակորդը անօդաչու թռչող սարքերով դիտավորյալ թիրախավորել է այն պահին, երբ փորձում էին առաջին օգնություն ցուցաբերել իրենց վիրավորված ընկերներին։
«Սրանից եզրակացնում ենք, որ ադրբեջանական կողմը, ԱԹՍ-ներով անխոչընդոտ դիտարկելու հնարավորություն ունենալով հանդերձ, հարված է հասցրել այն պահին, երբ զինվորականներն իրականացնում էին հումանիտար գործողություն։
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից համակարգային կերպով իրականացվող էթնիկ զտման ու ցեղասպանական գործողությունների պայմաններում Արցախի պաշտպանության ուժերն անառարկելիորեն իրականացնում են միջազգային փաստաթղթերով ամրագրված ինքնապաշտպանություն՝ ապահովելու Արցախի ժողովրդի կյանքի եւ գոյության իրավունքը»,- նշել է Արցախի ՄԻՊ-ը: