Ամերիկյան Daily News-ում հրապարակված հոդվածում սիրիացի լրագրող Ռիիմ Հադդադը գրում է, որ Եվրոպան համարժեք մոտեցում չի ցուցաբերել տարբեր ժամանակներում իրենց կամքին հակառակ փախստական դարձած հազարավոր մարդկանց հանդեպ:
Ուկրաինացի փախստականները շիկահեր են, կապուտաչյա ու գեղեցիկ, եւ Եվրոպան գրկաբաց ընդունում է բոլորին: Եվրոպական երկրները մրցակցում են, թե որ երկիրը կարող է ավելի լավ հյուրընկալություն ցուցաբերել: Մեծահոգությունն ու մարդասիրությունը գագաթնակետին են հասել:
Այնուամենայնիվ, Եվրոպան դրան հակառակ կողմ նույնպես ունի, տխուր կողմ, ավելի պակաս մեծահոգի, քանի որ ոչ բոլոր փախստականներին է նույն կերպ վերաբերվում, ինչպես ուկրաինացիներին:
Արհամարհանքի արժանացած բազմաթիվ սիրիացի փախստականները, որոնք փախել էին իրենց երկրում ահաբեկչությունների սարսափից՝ փորձելով ապրել այլ երկրներում, որտեղ իրենց ոչ ոք չի ցանկանում տեսնել, հատել էին սահմանն ու մտել Թուրքիա: Այնտեղ նրանց հավաքել էին մի տեղ՝ համակենտրոնացման ճամբար հիշեցնող վայրում: Այնուհետեւ Թուրքիան, որի վարած քաղաքականության հետեւանքով էին մարդիկ փախստական դարձել, փորձում էր օգտագործել նրանց որպես գործիք՝ իր պահանջները Եվրոպային թելադրելու նպատակով:
Էրդողանը սպառնում էր. «Մենք կշարունակենք օգնել փախստականներին, բայց եթե մեր ուզածը չստացվի, ստիպված կլինենք դռները բացել»:
Նման ագրեսիվ հայտարարությունները ցույց էին տալիս, թե որքանով է Թուրքիայի ռեժիմը օգտագործում եւ չարաշահում սիրիացի փախստականների ճգնաժամը սեփական օգուտի համար:
Շատ սիրիացի փախստականներ մուրացկանություն էին անում Թուրքիայի փողոցներում, ապա այդ գումարով վճարում էին մաքսանենգներին՝ Էգեյան ծովով Հունաստան տեղափոխվելու համար:
Բազմաթիվ փախստականներ հայտնվում էին հունական ափերից հեռու՝ Լեսբոս կղզում, որտեղ սարսափելի սանիտարական պայմաններ էին, եւ կանայք ստիպված էին մնալ նույն տարածքում օտար տղամարդկանց հետ:
Եվրահանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը նախազգուշացնում էր. «Մի՛ եկեք Եվրոպա, մի՛ հավատացեք մաքսանենգներին: Ռիսկի մի՛ ենթարկեք ձեր կյանքն ու ձեր փողը հանուն ոչնչի»:
Եվրոպան փախստականներին վատ վերաբերվելու պատմություն ունի:
Թուրքիան ներխուժեց Կիպրոս 1974 թվականին: Կիպրոսի հյուսիսային մասում էթնիկ զտումների ծրագրի շրջանակում թուրքական բանակը Կիպրոսից վտարեց ավելի քան 200 հազար հույն-կիպրացիների:
Կիպրացի փախստականները հազարավոր բողոքներ էին ուղարկում եվրոպական կառույցներ իրենց անքակտելի իրավունքները՝ հողատարածքներն ու սեփականությունը վերականգնելու համար, ինչպես նախատեսված է Եվրոպական դատարանների եւ ՄԱԿ-ի համապատասխան 3212 բանաձեւով, որի ստորագրողներից է նաեւ Թուրքիան: Մինչ այժմ՝ ոչ մի առաջընթաց այս հարցում:
Ի՞նչ կա ուկրաինացի փախստականների հետ կապված, որ այլ ազգերը չունեն, հարցնում է հոդվածագիրը:
Պատրաստեց Կարինե Դավոյանը