Ազգային ժողովում Աղվան Վարդանյանը սպառնաց, որ Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշումն ուժի մեջ է, եւ խախտողները «վատ են ավարտելու»։ Սա այն դեպքն է, երբ պիտի հայտնի զարմանքը հիշեցվի՝ իա, իրո՞ք։
Այդ որոշումն արդեն խախտված է։ Ընդ որում՝ Հայաստանի նախաձեռնությամբ, 1998-ի «իշխանափոխությունից» մի քանի ամիս անց։ Աղվան Վարդանյանը պետք է որ ծանոթ լինի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Անավարտ տասնամյակ» գրքին, որտեղ նա պատմում է Մոսկվա այցի, Ռուսաստանի ԱԳՆ-ում եւ ՊՆ-ում հանդիպումների եւ այն մասին, որ զգուշորեն խնդրել են՝ ռուսական կողմն Ադրբեջանին առաջարկի ԼՂ կարգավորման «Ընդհանուր պետություն» տարբերակը։
Դա ենթադրում էր «հանրապետական տիպի Լեռնային Ղարաբաղի» ներառում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում որպես «ընդհանուր պետության մաս»։ Ավելի հասկանալի ասած՝ Ադրբեջանի կազմում ԼՂ բարձր ինքնավարություն։ Հայաստանը եւ ԼՂ-ն արդեն որպես միջնորդական առաջարկություն ձեւակերպված այդ տարբերակը պաշտոնապես ընդունել են, Ադրբեջանը՝ մերժել։ Թե ինչու, նախկին արտգործնախարար Օսկանյանը ոչինչ չի ասում, միայն արձանագրում է, որ Բաքվի պատասխանն այնքան կտրուկ էր, որ հետագա խոսակցության տեղ չէր թողնում։
Ադրբեջանի մերժողականության վերաբերյալ կարելի է զանազան եւ զարմանազան ենթադրություններ անել, այս պահին դա չէ էականը, այլ իրողությունը, որ 1996-ին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում Հայաստանի նախագահը «վետո» է կիրառել Ադրբեջանի կազմում ԼՂ կարգավիճակը կանխորոշող փաստաթղթի դեմ, 1997-ի կարգավորման փուլային տարբերակով հասել նրան, որ հակամարտության զինված փուլին (պատերազմին) վերջ տալու մասին պայմանագիրը պետք է ստորագրեր նաեւ Լեռնային Ղարաբաղը՝ հետագա քաղաքական բանակցություններում ապահովելով Ադրբեջանի հետ իրավահավասար կողմի սուբյեկտությունը, այսինքն՝ հետեւողականորեն կատարել է այսօր Աղվան Վարդանյանի կողմից որպես «ընդդիմության պահանջով ընդունված» որոշման պահանջը, բայց նրան փոխարինած իշխանությունը, որին մաս էր կազմում նաեւ ՀՅԴ-ն, ճակատագրական հետքայլ է կատարել, նախաձեռնել կարգավորման մի առաջարկ, որի իրականացման դեպքում միջպետական փաստաթղթով Լեռնային Ղարաբաղը նշված էր լինելու Ադրբեջանի կազմում։
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները ոչ մի առիթ բաց չեն թողնում (այդ գործում նրանց թանկ աջակցություն են ցուցաբերում մի շարք լրատվամիջոցներ), որ օրվա իշխանության ներկայացուցիչներին «դեմ տան պատին», թե՝ «հայտարարեք, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Եվ իշխանությունն այնքան անճարակ, անգետ է (կամ ընդդիմության հետ ներքին պայմանավորվածություն ունի), որ չի հակադարձում, չի վկայակոչում, որ 1994-1998 թվականներին Արցախն արդեն Ադրբեջանի կազմից դուրս էր, ո՞վ եւ ինչո՞ւ վերադարձրեց Բաքվի «գիրկը»։
Դա ի՞նչ «սիզիփոսյան ինքնախարազանում» էր՝ լուծման բարձրակետին հասցված հարցը վերստին իջեցնել «սկզբում հա՞վն է եղել, թե՞ ձուն» կազուսային խորխորատները եւ քսան տարի, ամբողջ երկու տասնամյակ տքնել՝ վերադառնալու այն կետին, որին Հայաստանը, հայկական դիվանագիտությունը հասել էր՝ Ադրբեջանից կորզելով Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի ավարտը սահմանող պայմանագիր ստորագրելու համաձայնություն։
Աղվան Վարդանյանն ունի՞ այս հարցի պատասխանը։ Աղվան Վարդանյանը, Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցություններն ինչպե՞ս կմեկնաբանեն 2008-ի նոյեմբերի 2-ին Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի հետ Հայաստանի ստորագրած Մայենդորֆի հռչակագրի այն ձեւակերպումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է քաղաքական կարգավորում ունենա «միջազգային իրավունքի սկզբունքների եւ այդ շրջանակներում ընդունված փաստաթղթերի եւ որոշումների հիման վրա»։
Արդյոք դա «գաղտնագիր» չէ՞, որ ԼՂ կարգավորման իրավական հիմքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 1993 թվականի ընդունած չորս բանաձեւերն են, ինչպես որ փաստարկում էր Ադրբեջանը։ Դա Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման խախտում չէ՞։
Քիուեսթյան տարբերակից հետո ԼՂ կարգավորման բանակցային ողջ գործընթացը հայեցակարգային իմաստով ոչ այլ ինչ է, քան «Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի համար ինքնորոշման իրավունքի եւ այն իրացնելու իրավական մեխանիզմների ամրագրում»։ Բանակցությունների ոչ մի փուլում Հայաստանը չի պնդել, չէր կարող պնդել, որ Ադրբեջանը պետք է ճանաչի ԼՂ ինքնորոշումը, բոլոր ջանքերն ուղղված են եղել նրան, որ Բաքուն համաձայնի «ինչ-որ ժամանակ» ԼՂ կարգավիճակի հարցով միայն ԼՂ բնակչության կամարտահայտություն կազմակերպելուն։ (Ընդ որում՝ Շուշի, Ստեփանակերտ եւ այլ բնակավայրեր ադրբեջանցիների վերադարձից հետո)։
Սա է իրականությունը, որ, իհարկե, շատ ավելի լավն էր, քան ունենք այսօր, բայց ներկայացնել այնպես, որ ԼՂ անկախությունը «ծալած-գրպաններս դրած ունեինք»՝ ճիշտ չէ, արդարացի չէ։ Եվ այս փուլում, կարծում եմ, ընդդիմությունը չպետք է օրվա իշխանությանը «անկյուն քշի»՝ ստիպելով, որ նա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հնարավորությունը նախապայմանավորի ԼՂ կարգավիճակի «այստեղ եւ այժմ» քննարկմամբ։ Դա իրատեսական չէ, վտանգավոր է, նույնիսկ աղետաբեր։ Անիմաստ է սպառնալ, թե «ով Գերագույն խորհրդի որոշումն անտեսի, վատ է ավարտելու»։ Գերագույն խորհրդի որոշումը վաղուց անտեսված է, 1998-ի «իշխանափոխությունից» հետո այն այլեւս պատմական փաստաթուղթ է։
Իրավիճակը պահանջում է գերսթափություն, գերկազմակերպվածություն, գերզսպվածություն։ Մանավանդ որ անցյալի հիշատակումներն այսօրվա ընդդիմությանը ոչինչ չեն տալիս։ Ընդհակառակը, նրանից ռեսուրս են խլում, բայց այդ մասին՝ հետո, երբ հաղթահարած կլինենք այս՝ արդեն բոլոր առումներով էքզիստենցիալ փորձությունը։
Իրավիճակի ստույգ գնահատականը տվել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը․ «Հայաստանում հրդեհ է»։ Եվ պետք է նախ «հրդեհաշիջությամբ» զբաղվել։ Անցյալի գնահատականը կտա անաչառ պատմաբանը։ Մենք մի խնդիր ունենք՝ այնպես անել, որ Հայաստանը պահպանի ինքնիշխանությունը, Արցախը մնա հայաբնակ։ Հետո կգա նրա կարգավիճակը որոշելու ժամանակը․․․

Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն խորհրդի (1990-1995) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Խոջալու․ հանցագործության անատոմիա», «Երկրի ժամանակը», «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» եւ «Աստծո հաջորդ օրը» գրքերի հեղինակն է։