Հայաստանի աջադիմական զանգվածները նեղսրտել են Ուկրաինայի հակաղարաբաղյան կեցվածքից։ Բայց նեղսրտել դեռեւս չի նշանակում հասկանալ եւ արժեւորել քաղաքական գործընթացների էությունը։ Ընդամենը գործ ունենք զգացմունքային, տղայական պոռթկման հետ եւ ոչ ավելին։
Պատմական փորձառությունը ցույց է տալիս, որ մարդիկ չեն կարողանում առանց միֆերի ապրել, նույնիսկ եթե դրանք կործանարար հետեւանքներ են ունենում։ Ավելին՝ նրանք պատրաստ են ամեն մի արդարացում եւ պատճառաբանություն գտնելու, ընդհուպ մանրուքներից կառչելու, միայն թե հիմնավորվի միֆի ճշմարտացիությունը՝ գալով այն եզրակացությանը, որ ոչ թե գաղափարն է ինքնին սխալական, այլ մարդը։
Օրինակ՝ հայ արեւմտամետները Ուկրաինայի հակաղարաբաղյան դիրքավորումը արդարացնելու նպատակով մեղքը բարդում են Հայաստանի եւ Ղարաբաղի վրա, իբրեւ թե ղարաբաղցիները ողջունել են Լուգանսկի եւ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը, ծափահարել են Ղրիմի անեքսիային, իսկ Հայաստանն էլ «քաղաքակիրթ» աշխարհին համերաշխություն չի հայտնել։
Այսինքն՝ նրանք քաղաքականությունը դիտարկում են որպես արժեքային մի տարածություն, որտեղ տիրապետող են բարի կամքի փոխադարձ դրսեւորումները, ապրումակցումն ու քաղաքակրթական համերաշխությունը։ Սրանք իհարկե կրոնական դոգմաներ են, որոնք կապ չունեն իրական քաղաքականության հետ։ Չգիտես ինչու մեր միջավայրում պետությունների շահերն ու հետաքրքրություններն ըստ պատշաճի չեն ընկալվում եւ արժեւորվում։
Մարդիկ չեն ուզում հասկանալ, որ Ուկրաինան եւ Հայաստանը տարբեր ռելսերի վրա գտնվող պետություններ են, որոնց շահերը ոչ միայն նույնական չեն, այլ նաեւ հակոտնյա են հենց հիմքից։ Այսինքն՝ քաղաքական տեսանկյունից երկու պետություններին միավորող որեւէ կետ չկա։ Նույնիսկ եթե մենք ազգովի մեր ֆեյսբուքյան նկարներին փակցնենք ուկրաինական դրոշները, դատապարտենք ռուսական ագրեսիան, միեւնույնն է, դրանից Կիեւի դիրքորոշումը չի փոխվելու Հայաստանի եւ Ղարաբաղի նկատմամբ։ Եվ հակառակը՝ վերջիններս էլ չեն կարող հանուն Ուկրաինայի եւ համամարդկային ընտրովի արժեքների հրաժարվել իրենց առաջնահերթություններից եւ ազգային շահերից։ Այս պարագայում ո՛չ ուկրաինացիները եւ՛ ոչ էլ հայաստանցիները իրարից նեղանալու պատճառներ չունեն։ Ինչպես դասականն է սովորեցնում, առհասարակ նեղանալը քաղաքական կատեգորիա չէ։ Ընդամենը պետք է համակերպվել իրողության հետ եւ համապատասխան դատողություններ անել։
Հետեւում է, որ հայկական միջավայրում ինչպես Ուկրաինայի թշնամացումը, այնպես էլ Կիեւից չհիմնավորված ակնկալիքներ ունենալը քաղաքական տհասության հետեւանք են։
Բայց քաղաքական հակոտնյա բեւեռներում գտնվելը դեռեւս չի նշանակում ընդհանրապես չունենալ միասնության եւ հատման կետեր։ Իմ համոզմամբ հայաստանցիներին եւ ուկրաինացիներին միավորում է անմտությամբ սեփական պետությունը ոչնչացնելու եւ քայքայելու անզուսպ ձգտումը, ինչպես նաեւ մոլեռանդ հավատքը միֆերի եւ պատրանքների նկատմամբ։
Ուկրաինացիներն իսկապես հավատում են, թե Կիեւ, Բաքու, Թբիլիսի, Անկարա քառյակ միությունը միասնաբար պայքարելու է ռուսական էքսպանսիայի դեմ, իսկ «քաղաքակիրթ» աշխարհն էլ ծնկի է բերելու ագրեսոր Պուտինին։ Նման նաիվությամբ հայերն էլ հավատում են, թե հայ-ռուսական դաշինքը կանգնեցնելու է թյուրքական երկկողմանի առաջխաղացումը՝ ապահովելով Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունն ու բնականոն կյանքը։
Խեղճ, միամիտ ժողովուրդներ, որոնք դեռ շատ տառապանքներ պետք է տեսնեն։
Իմ այս վերլուծության ընդդիմախոսները վստահաբար որպես հակափաստարկ կբերեն այն իրողությունը, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ուկրաինան ժողովրդավարություն կառուցող պետություններ են։ Այսինքն՝ գաղափարական եւ արժեքային այդ նախընտրությունը կարող է դառնալ երկու երկրների եւ ժողովուրդների համերաշխության առաջնային հիմնասյունը։
Ըստ այդ պնդման՝ պետությունները պետք է մի կողմ դնեն իրենց աշխարհաքաղաքական, ռազմական եւ տնտեսական նախընտրություններն ու առաջնորդվեն քաղաքակրթական համերաշխությամբ եւ արժեքային միասնությամբ։ Սա թերեւս ամենամեծ միֆն է, քանի որ պետությունների եւ միջազգային հարաբերությունների պատմության ընթացքում երբեւէ քաղաքակրթական միասնություն չի եղել։
Ճիշտ է, դրա մասին մշտապես խոսել են, բարձրագոչ հայտարարություններ են արել, բայց ռեալիստական քաղաքականությունն ու արժեքային համերաշխությունը անհամատեղելի են։ Սա ավելի շուտ քարոզչություն է կամ էլ այս կամ այն տերության շահերը սպասարկող միֆ, որի ակունքները հասնում են ընդհուպ անտիկ ժամանակաշրջան։ Միասնության միֆը յուրաքանչյուր քաղաքակրթության առանցքային հիմնասյուներից մեկն է՝ հելլենիստական եւ հռոմեական համերաշխությունից մինչեւ քրիստոնեական եւ իսլամական աշխարհներ, սոցիալիստական եւ կոմունիստական միասնությունից մինչեւ արդի իրականություն, որտեղ տիրապետող է լիբերալ-ժողովրդավարական աշխարհի պատրանքը։
Քաղաքակրթական միասնությունը հնարավոր է միայն Հռոմի պապերի, խալիֆների, Կենտկոմի քարտուղարների եւ ԱՄՆ նախագահների վերամբարձ ճառերում, բայց այդ նույնությունը ակնթարթային է, քանի որ ամեն մի քաղաքակրթություն բազմագույն քարերից կազմված խճանկար է կամ էլ տարբերների միություն, որտեղ շիա մուսուլմանը ավելի շուտ համերաշխություն կգտնի կաթոլիկ քրիստոնյայի հետ, քան իր հավատակից սուննի մուսուլմանի։ Եվ հակառակը՝ կալվինական հոգեւորականը շատ ավելի հանդուրժող կլինի բուդդայական վանականի նկատմամբ, քան իր հարեւանությամբ ապրող կաթոլիկ հավատացյալի։ Տարբերությունն այս անփոփոխ կերպով դրսեւորվել եւ դրսեւորվում է նաեւ պետությունների փոխհարաբերություններում եւ միջազգային հարաբերություններում՝ միջնադարից մինչեւ մեր օրերը։
Ինչպես կաթոլիկ Ֆրանսիան եւ Մարտին Լյութերին առաջ մղող գերմանական պետություններն էին ամենայն ցինիզմով փափագում Հաբսբուրգների անկումը՝ ուղղակի թե անուղղակի կերպով աջակցելով օսմանյան սուլթանին, այնպես էլ հիմա ժողովրդավարական տերություններն են հանուն իրենց շահերի դաշինքների մեջ մտնում տոտալիտար եւ ավտորիտար ռեժիմների հետ՝ աչք փակելով գաղափարական եւ արժեքային պայմանականությունների վրա։ Այստեղ որեւէ կշտամբանք կամ էլ դժգոհություն չպետք է արտահայտել, պարզապես անհրաժեշտ է ի գիտություն ընդունել, որ միջազգային հարաբերություններում տիրապետող են ցինիզմը, շահերը եւ հանուն այդ շահերի միջոցների առջեւ խտրություն չդնելը։
Իսկ ժողովրդավարությունը, մարդկային իրավունքներն ու մնացյալ լուսավոր արժեքները ցանկացած պետության ներքին հարցերն են։ Այսինքն՝ Հայաստանը ժողովրդավարական է բացառապես իր քաղաքացիների շահերի տեսանկյունից, այլ ոչ թե քաղաքակրթական միասնության միֆին զինվորագրվելու համար։ Եթե արժեքները այդ միասնության մեջ կարևոր են , ապա ինչո՞ւ էր աշխարհը լուռ, երբ Թուրքիայի եւ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմները քարուքանդ էին անում Հայաստանի նոր-նոր ծնվող ժողովրդավարությունը։
Նորից հիշենք դասականին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որը դեռեւս տարիներ առաջ հստակ արձանագրում էր, որ չի կարելի արժեքային պատկանելությունն ու աշխարհաքաղաքական կողմնորոշումը նույնականացնել։ Արժեքներով մենք եվրոպական ենք, իսկ կողմնորոշմամբ՝ դաշնակիցը Ռուսաստանի, եւ այստեղ հակասություն լինել չի կարող։ Այսինքն՝ մենք չենք կարող վտանգել մեր պետության անվտանգությունն ու գոյությունը հանուն արժեքների եւ քաղաքակրթական անգո միասնության։
Անհրաժեշտ է նաեւ նկատել, որ Ուկրաինական պատերազմի շուրջը ձեւավորված հիստերիան էլ հենց այդ միասնության միֆի ստեղծագործությունն է։ Մեծ հաշվով այդ պատերազմը գոյություն չունի այն բովանդակությամբ, ինչ ներկայացվում է, դա ընդամենը «Լիբերալ» աշխարհի ստեղծած պրոպագանդիստական բանահյուսությունն է, որն իր ուռճացված դրամատիզմով եւ ողբերգականությամբ պարտադրվում է մատրիցայի մեջ խոր քուն մտած էներգիայի աղբյուրներին՝ մարդկանց։
Բնականաբար չեմ պնդում, թե պատերազմ չկա, եւ մարդիկ չեն տառապում, չեմ էլ արդարացնում Ռուսաստանի գործողությունները, ընդամենը հիշեցնում եմ, որ այն իր բովանդակությամբ եւ նշանակությամբ արհեստականորեն չափազանցվել է՝ ազգային ողբերգությունը փոխակերպելով քարոզչական հրավառության։ Ավելի շուտ պատերազմի շուրջը ձեւավորված աղմուկը զուտ գաղափարախոսություն է, քան փաստ։
Բոլոր աշխարհամասերում էլ մարդիկ տառապում են, եւ նրանց ցավը պակաս ողբերգական չէ, քան ուկրաինացիներինը։ Բայց առանձնացվել եւ պաշտամունքի առարկա է դարձել հենց այդ մեկը, քանի որ ուկրաինական հողի վրա են բախվել մեծ տերությունների շահերն ու հետաքրքրությունները։ Իսկ դա առաջին հերթին չի բխում հենց Ուկրաինայի շահերից։ Մի՞թե ռուսական զորքերին հերոսական դիմադրություն ցույց տվող այդ ազգը պատրաստ էր զոհաբերվելու հանուն ինչ-որ լղոզված եւ լպրծուն լոզունգների։ Կարծում եմ՝ ո՛չ։
Իսկ մենք չենք պատրաստվում դառնալու հեգեմոն մշակույթի, նեոլիբերալիզմի եւ նրա լրատվամիջոցների պրոպագանդայի կույր գործիքը, հատկապես երբ 21-րդ դարում մարդկության աչքի առջեւ եւ ցինիկ անտարբերությամբ Ղարաբաղն էթնիկ զտման է ենթարկվում։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։