Ֆրանսիայի արտգործնախարարության տարածած հայտարարության համաձայն՝ Ֆրանսիան մտահոգություն է հայտնել ադրբեջանական զորքերի կողմից Լեռնային Ղարաբաղում առաջխաղացման մասին տեղեկությունների առնչությամբ:
«Ֆրանսիան ցավում է Լեռնային Ղարաբաղում գրանցված միջադեպերի, մասնավորապես զինված միջադեպերի ու Փառուխի եւ Խրամորթի շրջաններում զորքերի առաջխաղացման առնչությամբ: Ֆրանսիան առաջ շարժված ուժերին կոչ է անում հետ քաշվել նախկին դիրքեր՝ համաձայն կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության»,- ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել նաեւ Լեռնային Ղարաբաղում գազամատակարարման խաթարումների կապակցությամբ՝ պահանջելով վերականգնել տեղի բնակչության մշտական գազամատակարարումը:
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանն այս հարցը բարձրացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ հեռախոսազրույցներում: