Հայաստանի եւ Արցախի ԱԳՆ-ները Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություններ են տարածել:
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության՝ միջազգային հանրությունը պարտավոր է գործուն եւ հասցեական քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու Ադրբեջանի փորձերը կանխելու ուղղությամբ: ՀՀ ԱԳՆ-ն միաժամանակ ակնկալում է, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ եւ տեսանելի քայլեր կձեռնարկի իրադրությունը կարգավորելու, նոր զոհեր եւ մարտական գործողություններ թույլ չտալու համար:
«Ադրբեջանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների վերջին օրերին տարածած հայտարարությունները եւս մեկ անգամ բացահայտորեն վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սիստեմատիկ բռնության եւ ահաբեկման քաղաքականության նպատակը Լեռնային Ղարաբաղի հայկական բնակավայրերն էթնիկ զտման ենթարկելն է»,-ասված է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունում:
Ադրբեջանի արտաքին եւ պաշտպանական գերատեսչությունների հայտարարություններն, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, փաստում են նաեւ, որ Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում նախապես ծրագրված է, ինչը բացահայտ արհամարհանք է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների՝ ներառյալ իրենց զբաղեցրած դիրքերում կողմերի կանգ առնելու վերաբերյալ դրույթի նկատմամբ:
Հումանիտար աղետ ստեղծելու եւ նոր պատերազմ հրահրելու փորձեր
Արցախի ԱԳՆ-ն իր հերթին համոզմունք է հայտնել, որ ՌԴ խաղաղապահ ջանքերը եւ միջազգային հանրության հստակ ու համարժեք դիրքորոշումը կզրկեն Ադրբեջանին Արցախի բնակիչների իրավունքների համակարգված կոպիտ խախտումները իր ներքին գործերի շարքին դասելու հնարավորությունից։
Արցախի ԱԳՆ-ից նախ ողջունելի են համարել, որ միջազգային հանրությունը, ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունների, այնպես էլ առանձին քաղաքական ու հասարակական գործիչների մակարդակով դատապարտում է Ադրբեջանի սադրիչ քայլերը՝ ուղղված լարվածության սրմանը եւ Արցախի բնակչության ահաբեկմանը։
«Համոզված ենք, որ Ադրբեջանի՝ Արցախում հումանիտար աղետ ստեղծելու եւ նոր պատերազմ հրահրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության միանշանակ դիրքորոշումը կարեւոր հավաքական ներդրում կլինի իրավիճակի կայունացման գործում։
Վստահ ենք, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերը եւ միջազգային հանրության հստակ ու համարժեք դիրքորոշումը՝ լրացված քաղաքական միջոցներով, կզրկեն Ադրբեջանին Արցախի բնակիչների իրավունքների համակարգված կոպիտ խախտումները իր ներքին գործերի շարքին դասելու հնարավորությունից»,- ասված է հայտարարությունում: