Արցախի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին Արցախի տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին հրամանագիր է ստորագրել:
Ըստ հրամանագրի՝ Արցախի տարածքում հայտարարված ռազմական դրության ժամկետի ընթացքում օրենքով սահմանված կարգով՝ սահմանափակվում է հավաքների ազատության իրավունքը, արգելվում են գործադուլները եւ կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները, կասեցվում է Արցախի պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն եւ այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը:
Սույն հրամանագրով սահմանված իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառման ապահովման պատասխանատվությունը դրվում է Արցախի ներքին գործերի նախարարության եւ Արցախի ազգային անվտանգության ծառայության վրա: