Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ շեշտելով, որ մարտի 24-25-ին Ադրբեջանը խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները։
ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մարտի 24-ին եւ 25-ին, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի եւ դիտակետ են տեղադրել։ «Bayraktar-TB 2 տեսակի ԱԹՍ-ներից 4 հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումներին Փառուխ գյուղի հատվածում»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Այս պահին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու եւ զորքերին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։
«Ադրբեջանական կողմին զորքերը հետ քաշելու կոչ է արվել»,- ասված է հաղորդագրության մեջ։