«Արցախգազ» ՓԲԸ-ն տարածել է հայտարարություն, որի համաձայն՝ մարտի 29-ից Արցախում գազամատակարարման վերականգնման մասին ադրբեջանական «Ազերիգազ»-ի հայտարարությունը կեղծ ու սադրիչ բնույթի ապատեղեկատվություն է:
Ըստ «Արցախգազ» ՓԲԸ-ի՝ ադրբեջանական կողմի հայտարարությսւնը հետապնդում է ստեղծված բարդ իրավիճակից օգտվելու եւ արցախահայությանն ու միջազգային հանրությանը տեղեկատվական դաշտում ապակողմնորոշելու նենգ նպատակ։
«Արցախգազ» ՓԲԸ-ից հայտնում են, որ բնական գազը մուտք է գործում Արցախի տարածք միայն մեկ գազատարի միջոցով՝ Հայաստանի տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ» ՀԲԸ֊ի դուստր ընկերություն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է:
Նշված գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲ ընկերությունը։
Ըստ «Արցախգազ» ՓԲԸ-ի՝ ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունը կամ դրա դուստր ընկերություն «Ազերիգազ»-ը որեւէ առնչություն չեն կարող ունենալ Արցախի Հանրապետության գազամատակարարման գործընթացի հետ։ Դա տեխնիկական ու աշխարհագրական առումով էլ բացառվում է:
«Նշված հաղորդագրությունը եւս մեկ անգամ փաստում է, որ մարտի 8-ին գազատարը Շուշիի հատվածում պայթեցնելուց եւ օրեր շարունակ դրա վերանորոգումը խոչընդոտելուց հետո ադրբեջանական կողմը դիտավորյալ փական է տեղադրել գազատարի վրա՝ եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնելով Արցախի բնակչության համար հումանիտար լրացուցիչ խնդիրներ առաջացնելու հանցավոր գործին»,- ասված է «Արցախգազ» ՓԲԸ-ն տարածած հայտարարության մեջ։