Ըստ հյուսիսկորեական լրատվամիջոցների հաղորդագրության՝ ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կշարունակի զարգացնել հարձակողական սպառազինությունները:
«Մենք կշարունակենք ամրապնդել ազգային պաշտպանության ներուժը, ավելի հզոր հարվածային միջոցներ մշակել երկրի Ժողովրդական բանակը դրանցով հագեցնելու համար»,- ասել է ԿԺԴՀ-ի ղեկավարը:
Ըստ Կորեական կենտրոնական հեռագրական գործակալության՝ ԿԺԴՀ-ն մարտի 24-ին արձակել է տարեսկզբից ի վեր 12-րդ հրթիռը: Փհենյանը հաստատել է, որ իրականացրել է «Խվասոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունում համարում են, որ սովորական հետագծի դեպքում հրթիռի թռիչքի հեռավորությունը կարող է կազմել 15 հազար կիլոմետր, ինչը բավարար է Միացյալ Նահանգների տարածքի ցանկացած կետի հարվածելու համար։